Թուրքիան ԻՊ հազարավոր զինյալներից միայն 961 հոգու է ձերբակալել

20:42     14 հունվարի, 2016

Թուրքական զինվորական ստորաբաժանումները 2015 թվականի ընթացքում թուրք-սիրիական սահմանի վրա «Իսլամական պետության» 961 ջիհադիստ են ձերբակալել: Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ն,  այս մասին գործակալությանը անանունության պայմանով ասել են գաղտնի ծառայության աշխատակիցները:  Նրանք հայտնել են, որ ձերբակալված զինյալները 57 տարբեր երկրների անձնագրեր են ունեցել: Տեղեկության համաձայն՝ ձերբակալվածներից ոմոնք խոստովանել են, որ վերապատրաստում են անցել Սիրիայում ԻՊ-ի ճամբարներում, ոմանք էլ նշել են, որ Թուրքիա են ժամանել հարձակումներ իրականացնելու համար:

Այս տեղեկությունը հատկապես հետաքրքիր է դիտարկել Ստամբուլում հունվարի 12-ին տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին բարձրացած անվտանգության խնդիրների համատեքստում: Հայտնի է, որ մահապարտ ահաբեկիչը Թուրքիա է մտել Սիրիայից, և հարց է առաջանում, թե արդյո՞ք թուրքական իշխանություններն արդյունավետ միջոցներ են ձեռնարկում թուրք-սիրիական սահմանով ջիհադիստների ելումուտը դադարեցնելու համար:

Պարզ է, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն` չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին դադարեցնել զինյալների մուտքը Սիրիա և կտրել ԻՊ-ի մատակարարման ուղիները թուրքական սահմանով: Անգամ ԵՄ-ի հետ կնքած 3 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիրը Թուրքիային չի ստիպում բավարար քայլեր ձեռնարկել թուրք-սիրիական սահմանով 5 տարի շարունակվող զինյալների ելումուտը կանգնեցնելու համար: Եվ թուրքական ուժայինների կողմից 2015 թվականի ընթացքում ձերբակալված ջիհադիստների քանակը` 961, հանդիսանում է դրա վառ վկայությունը:

Տարաբնույթ աղբյուրներ բազմիցս ահազանգել են, որ Թուրքիայի տարածքով Սիրիա անցնող զինյալներին թիվը գերազանցում է մի քանի տասնյակ հազարը: Հետևաբար, թուրքական ուժայինների հայտարած թիվը, մեղմ ասած, աբսուրդային է հնչում: 


© armedia.am