Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովի կնոջ` Նազիրա Զեյնալովայի նկատմամբ ոստիկանության երթևեկության անվտանգության տեսուչներին կաշառք առաջարկելու հոդվածով քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նազիրա Զեյնալովան վարորդական իրավունքի վկայականը փորձել է ստանալ կաշառքի միջոցով՝ շրջանցելով հատուկ դասընթացներ անցնելու և քննություն հանձնելու պահանջը: Զեյնալովան ավտոտեսուչներին 500 եվրո կաշառք է առաջարկել: Ադրբեջանի համար ավանդական համարվող այս տարբերակը, սակայն, պարզվել է չի գործում Լատվիայում: Տեսուչները դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահել համապատասխան մարմիներին: «Մենք անմիջապես զանգահարել ենք Հակակոռուպցիոն գրասենյակ, և Ադրբեջանի քաղաքացին բերման է ենթարկվել: Նրան ազատ են արձակել, բայց նրա գործն այժմ գտնվում է այդ գրասենյակի կողմից հետաքննության տակ», - haqqin.az-ին հայտնել է տեսուչներից մեկը:
Լատվիայում Ադրբեջանի դեսպանը հերքել է իր կնոջ նկատմամբ կաշառք տալու փաստով քրեական գործի հարուցումը: Դեսպանի վարկածով իր կինն ավտոտեսուչներին գումարն առաջարկել է ոչ թե վարորդական վկայականի համար, այլ` «որպես Նոր տարվա համար նվեր»: Դեսպանը նաև նշել է, որ առաջարկված գումարը եղել է ոչ թե 500, այլ՝ 50 եվրո: «Նա ինքնուրույն հաջողությամբ հանձնել է քննությունները և միայն դրանից հետո է, որոշել ավտոտեսուչին Նոր տարվա կապակցությամբ գումար նվիրել: Ըստ երևույթին, տեսուչը վախեցել է և որոշել է հայտնել իր գերատեսչությանը», - լրագրողներին հայտնել է դեսպանը՝ հավելելով, որ Լատվիայի ԱԳՆ ներկայացուցիչը արդեն կապվել է իր հետ և ներողություն խնդրել ստեղծված շփոթմունքի համար:
Սակայն, Ճանապարհային երթևեկության անվտանգության վարչության աշխատակիցը վստահեցնում է, որ ոչ մի շփոթմունք էլ չկա. «Մեզ մոտ ամեն ինչ արձանագրված է: 500 եվրո կաշառք տալու գործը քննում է Հակակոռուպցիոն բյուրոն», - ևս մեկ անգամ նշել է նա:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ հրաժարվել է ԶԼՄ-ների համար մեկնաբանել տվյալ միջադեպը: Ադրբեջանական ԱԳՆ-ի համար այս միջադեպին գնահատական տալը բավականին բարդ կլինի. քաղաքակիրթ աշխարհի համար ամոթալի համարվող երևույթն այս երկրի դիվանագիտության հիմնական և, ինչպես ցույց է տալիս դեսպանի կնոջ հետ կապված միջադեպը, բավականին արմատավորված տարրերից է: