Միանգամայն նոր հեռանկարներով 2016 թվական մուտք գործած Իրանը ստիպված չեղավ երկար սպասել: Խոստացված շրջադարձային տարին իր լիակատար ընթացքի մեջ է: 2015 թվականի կեսերին Իրանի և միջազգային միջնորդների «Վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման դիմաց օրեր առաջ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը հայտարարեցին Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասնակի չեղարկման մասին: Միջուկային գործարքը պաշտոնապես ուժի մեջ մտավ:
Եթե վերջին 6 ամիսները հատկանշական էին տարածաշրջանում (Սիրիա, Իրաք, Եմեն, Լիբանան) Իրանի ռազմաքաղաքական ներկայության ակտիվացման տեսանկյունից, ապա հիմա Իրանի առկայությունը զգացվելու է նաև տնտեսական դաշտում: Պատժամիջոցների չեղարկմանը զուգահեռ՝ սպասվում է, որ Իրանը հսկայական տնտեսական աճ է գրանցելու` դառնալով տնտեսական ցուցանիշներով թիվ 1 երկիրը տարածաշրջանում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ չեղարկված պատժամիջոցների գերակշռող մասը վերաբերվում են նավթային և ֆինանսական ոլորտներին, իսկ Իրանը հայտարարում է նավթի և գազի միջազգային շուկայում իր նախկին դիրքերը վերականգնելու պատրաստակամության մասին՝ ապա վստահաբար կարելի է ասել, որ Իրանը զգալի ֆինանսական միջոցներ է ունենալու տարածաշրջանում ընթացիկ տնտեսական ծրագրերի, ինչպես նաև նոր ներդրումների իրականացման համար: Սրա հետ մեկտեղ Իրանը կստանա արտերկրյա բանկերում սառեցված իր շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվները, որոնք ևս մեծապես կօգնեն իրանական տնտեսական ծրագրերի իրականացմանը:
Նման պայմաններում Հայաստանի համար ևս չափազանց բարենպաստ իրավիճակ է ստեղծվում Իրանի հետ հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու, առկա տնտեսական ծրագրերն ավարտին հասցնելու, ինչպես նաև նորերը ձեռնարկելու համար: Խոսքը գնում է հատկապես Հայաստան-Իրան երկաթուղու, «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման, բազմակողմ էներգետիկ ծրագրերի մասին: Ընդ որում, Հայաստանի կողմից նախաձեռնողականության, նոր գաղափարների և ինտենսիվ աշխատանքի կարիք կա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորի մակարդակով:
Մի կարևոր նկատառում ևս: Քաղաքական լավ հարաբերությունների ֆոնին տնտեսական կապերն ակտիվացնելու ցանկությունը երկկողմանի է: Իրանը Հայաստանից պակաս շահագրգռված չէ զարգացնելու տնտեսական հարաբերությունները: Իրանական պատրաստակամությունը դրսևորվեց հատկապես Իրանի փոխնախագահ Էսհագ Ջահանգիրիի` միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստան կատարած այցի ժամանակ: Իրանում լավ հասկանում են, որ Հայաստանը կարող է նաև առանցքային դերակատարում ունենալ նաև Իրան-ԵԱՏՄ համագործակցության իրականացման գործում: Հայաստանը ԵԱՏՄ-ի միակ անդամն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, և այսպիսով կարող է դարպաս հանդիսանալ եվրասիական և եվրոպական շուկաներ իրանական ապրանքների համար: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իրանն անգամ մտադիր է Հայաստանում արևտրային հանգույց ստեղծել, որտեղից իրանական ապրանքները կարտահանվեն ոչ միայն Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան, այլ նաև Եվրոպա և Միացյալ Նահանգներ:
Այնպես որ, գործելու ճիշտ ժամանակն է: