Brent տեսակի նավթի գինն այսօր 27.71 դոլար է մեկ բարելի դիմաց: Վերջին անգամ 30 դոլարի սահմաններին հասած 2004թ. մինիմումն արդեն մի քանի օր է հարաբերականորեն կայուն դիրքեր է գրավել նավթի համաշխարհային գների վիճակագրությունում: Մինչդեռ այլ է պատկերը գների հետագա անկման բացասական կանխատեսումների դեպքում, որոնք օրեցօր գերազացնում են մեկը մյուսին: Այն, որ նավթն գնային առումով համեմատում են ջրի կամ կաթի հետ, վերջին շրջանում դարձել է բավական տարածված: Սակայն, պակաս զավեշտալի է միջազգային փորձագետների կանխատեսումները, որոնք նավթի գների անկումը տեսնում են մեկ բարելի դիմաց 16-18 դոլարի շրջանում: Իսկ ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում...
Այս ամենի համատեքստում հայ քաղաքացուն մեծապես հուզում է հայկական տնտեսության կրած հետևանքները նավթի գների անկումից, ինչն առաջին հայացքից պիտք է դրսևորվեր որոշ ապրանքատեսակների գների անկմամբ: Սակայն, ինչպես տեսնում ենք, գների անկում մեզ մոտ չի գրանցվում, ինչն ունի իր պատճառները: Փորձենք ներկայացնել այդ պատճառները:
Առաջին հերթին, որպես ստեղծված կարծիքի հակափաստարկ պետք է նշել, որ հայկական նավթի ու էներգակիրների շուկան այնքան էլ դիվերսիֆիկացված չէ: Մասնավորապես, բենզինի հայաստանյան մատակարարումների 70 տոկոսից ավելին կատարվում է ՌԴ-ից, ուստի կախվածությունն այդ շուկայից բավական մեծ է: Մյուս կողմից Հայաստանը Ռուսաստանից բենզին ձեռք է բերում մեկ ընկերությունից՝ «Ռոսնեֆթից», որն էլ, ըստ էության, հանդիսանում է գին թելադրողը: Սա ևս խոսում է շուկայի ապադիվերսիֆիկացված լինելու մասին: Այս համատեքստում խնդիրը միջպետական փոխադարձ պայմանավորվածությունների մեջ է,ինչը, որպես լուծում, հանարավոր չէ դիտակել առաջիկայում՝ ելնելով երկու խնդրից: Առաջին հերթին նման փոխահամաձայնության գալու համար ժամանակ է հարկավոր, և երկրորդ՝ ՌԴ իր կողմից կրած վնասները պետք է հնարավորիս փոխհատուցի նավթային ապրանքների վերավաճառնքերից ստացված օգուտներով, գոնե առաջիկայում: Պետք է նաև նշել, որ նույն ռուսական շուկայում բենզինի գներն անկում չեն ապրում չնայած նավթի ներկայիս գնանկմանն, ինչը խոսուն փաստ է վերոնշյալ վարկածի համար:
Սպասել, որ ընթացիկ տարում ՀՀ տնտեսությունը գոնե որոշակի օգուտներ կքաղի նավթի գների անկումից իրատեսական չէ: Սակայն, նավթի գների ազդեցությունը մեր տնտեսության վրա անհրաժեշտ է դիտարկել տարբեր ժամանակային կտրվածքներով: Մի կողմից ստեղծվել են հակասական զգացողություններ, քանզի մեր հակառակորդ ու դաշնակից երկրները միաժամանակ կրում են նույն վնասները, մյուս կողմից՝ 2016 թվականը ՀՀ տնտեսության համար դիվերսիֆիկացման լավագույն ակնկալիքների տարի է Իրանի հետ համագործակցության խորացմամբ և ԵՄ հետ հարաբերությունների նոր փուլով պայմանավորված:
Փորձենք վերոնշյալ հարցերին անդրադառնալ առանձին: Նավթի գներն անկման պատճառով հսկայական վնասներ կրող ադրբեջանական տնտեսությունը համաշխարհային շուկա նորից մուտք գործող Իրանի համար ունի առավել քիչ գրավչություն քան հարաբերականորեն կայուն հայկականը: Սակայն, ռուսական տնտեսության հետ մեր բավական սերտ կապը հիմք է տալիս ենթադրել, որ Հայաստանի տնտեսությունը կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են դեպի ՌԴ արտահանման ծավալների անկման, այդտեղից եկող տրանսֆերտների կրճատման, ռուսական ռուբլու անկման բացասական ազդեցության:
Մյուս կողմից, ինչպես հայտնի է, որ արդեն մեկնարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունները, և դրանց ադյունքում մշակված փաստաթուղթը հնարավորություն կտա օգտվել եվրոպական շուկաների առավելություններից, ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման մասով: Բնական է, որ այս հնարավորությունների դիտարկումը պետք է արվի երկարաժամկետի համար:
Ի՞նչ է ստացվում. Հայաստանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ, չունենալով նավթի արդյունահանում, հավասարապես, իսկ գուցե որոշ դեպքերում՝ ավելի շատ է տուժում նավթ արդյունահանող երկրներից: Սա միանշանակ է կարճաժամկետ կտրվածքում: Սակայն աշխատանքի ճիշտ կազմակերպման և առկա հնարավորությունների առավելագույն օգտագործման դեպքում, չենք կարող բացառել, որ հնարավոր լինի հաջողությամբ օգտվել նավթի գների անկումից ստեղծված հնարավորություններից: