ԱՄՆ ձախաթևյան հայտնի գիտնական Նոամ Հոմսկին պատասխան հարված է հասցրել Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը մեղադրել է իրեն անտեղյակության և ահաբեկիչների հանդեպ ունեցած կարեկցանքի մեջ:
Բանն այն է, որ Հոմսկին և մի շարք այլ մտավորականներ դեռևս անցյալ ամիս բաց նամակ էին հղել Էրդողանին՝ մեղադրելով նրան սեփական ժողովրդի դեմ պատերազմ է մղելու մեջ: Նրանք մասնավորապես քննադատում էին երկրի հարավ-արևելքում ապրող քուրդ ժողովրդի կանխամտածված ջարդն ու արտաքսումը, ինչպես նաև պահանջում էին վերացնել պարետային ժամերը, պատժել նրանց, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար և փոխհատուցել այն քաղաքացիներին, ովքեր նյութական կամ հոգեբանական վնաս են ստացել:
«Այս նպատակով մենք պահանջում ենք, որպեսզի տեղական և միջազգային անկախ դիտորդներին թույլատրվի մուտք գործել երկրի քրդական շրջանները, լուսաբանել և զեկուցել միջադեպերի մասին», - գրված է եղել նամակում, - «Մենք՝ որպես գիտնականներ, հայտարարում ենք, որ չենք կարող մի կողմ քաշվել և լռել՝ տեսնելով քրդերի կոտորածը, և պահանջում ենք անհապաղ դադարեցնել պետության կողմից իրագործված բռնությունները»:
Իր պատասխան ելույթում Էրդողանը հայտարարել էր, որ Հոմսկին կարող է գալ և տեսնել, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում սեփական աչքերով: «Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք ցույց տալ իրական պատկերը: Մենք պատրաստ ենք բացատրել նրանց, թե ինչ է կատարվում երկրի հարավ-արևելքում»,- նշել է Էրդողանը:
Այդքանով, սակայն, Թուրքիայի նախագահը չէր բավարարվել և վիրավորել էր մտավորականներին: «Դուք՝ այսպես կոչված մտավորականներդ, ամենևին էլ լուսավորյալ անձիք չեք, դուք գտնվում եք մթության մեջ: Պարզապես ձեր ստորագրությունը չոր թղթի վրա դնելը դեռ ոչինչ չի նշանակում: Եկե՛ք Թուրքիա»,- հայտարարել էր Էրդողանը:
Հոմսկին էլ իր հերթին բրիտանական The Guardian հայտնի պարբերականին նամակ է գրել, որ, եթե մի օր որոշի գնալ Թուրքիա, ապա դա չի լինի Էրդողանի հրավերով, այլ երկրի բազմաթիվ խիզախ այլախոհների, այդ թվում՝ քրդերի, ովքեր երկար տարիներ շարունակ տուժել են ծանր հարձակումներից:
Հոմսկին նաև Էրդողանին մեղադրել է կեղծավորության մեջ՝ պնդելով, որ վերջինս ահաբեկչության հարցում երկակի ստանդարտներով է առաջնորդվում:
Մի շարք փորձագետներ, անդրադառնալով Հոմսկի- Էրդողան «երկխոսությանը», միաձայն պնդել են, որ Էրդողանի նմանները դեռ շատ կգան ու կգնան, իսկ ահա Հոմսկին կմնա Հոմսկի՝ իր վառ անհատականությամբ և պայծառագույն ուղեղով:
Ավրամ Նոամ Հոմսկին ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, գրող և դասախոս է։ Նա լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ինչպես նաև սերող քերականության հիմնադիր։ Լեզվաբանությանը զուգահեռ, Հոմսկին պատերազմին, քաղաքականությանը, զանգվածային լրատվամիջոցներին վերաբերվող ավելի քան 100 գրքի հեղինակ է։ Նա հաճախ քննադատական ելույթներով է հանդես գալիս զանազան քաղաքական գործիչների և նրանց վարած քաղաքական գծերի վերաբերյալ: