Շուրջ մեկ տասնամյակ տևած միջազգային կործանարար պատժամիջոցներից հետո Իրանը վերադառնում է համաշխարհային շուկա: Պատժամիջոցների չեղարկման շնորհիվ երկիրը լրացուցիչ միլիարդավոր դոլարներ է ստանալու: Հենց այս պատճառով էլ ողջ աշխարհը պատրաստվում է Իրանի հետ նոր որակի հարաբերությունների կառուցմանը:
Bloomberg գործակալությունը փորձել է հասկանալ, թե ինչ է նշանակում պատժամիջոցների չեղարկումն Իսլամական հանրապետության համար՝ հաշվելով Իրանի հնարավոր եկամուտները:
Պատժամիջոցների չեղարկման արդյունքում Իրանը կստանա իր արտերկրյա սառեցված ակտիվները, որոնք կազմում են շուրջ 100 միլիարդ ԱՄՆ դոլար: Դրանց կեսը տրամադրվելու է Իրանի պարտքերի մարմանը, իսկ մնացած 50 միլիարդ ԱՄՆ դոլարն ամբողջությամբ լինելու է Իրանի տրամադրության տակ: Հարկ է նշել, որ իրանցի պաշտոնյաներն արդեն հայտարարում են, որ Իրանի լեռնահանքային արդյունաբերության վերականգնման համար 29 միլիարդ ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, ևս 100 միլիարդ ԱՄՆ դոլար պետք է էներգետիկ արդյունաբերության վերակառուցման համար:
Առանց սահմափակող պատժամիջոցների Իրանը կարող է սկսել եկամուտներ ստանալ արտահանման հաշվին: Չմշակված նավթի պաշարներով Իրանն աշխարհում չորրորդն է Վենեսուելայից, Սաուդյան Արաբիայից և Կանադայից հետո, իսկ բնական գազի պաշարներով երկրորդն է Ռուսաստանից հետո: Իրանի նավթի նախարարը հայտարարում է 6 ամիս անց նավթի արդյունահանումը օրական շուրջ 4 միլիոնի հասցնելու մտադրության մասին: Միայն սրա արդյունքում Իրանը տարեկան շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ կունենա: