Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ:
- Ինչպե՞ս կանդրադառնա Ադրբեջանի տնտեսական ճգնաժամը երկրի ռազմական ոլորտի վրա:
- Ընդհանուր առմամբ իրավիճակը մեզ համար նպաստավոր է: Տարիներ շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր ահաբեկել իրենց հարաճուն ուռճացված ռազմական բյուջեով, իրենց հարուստ լինելն ի ցույց էին դնում՝ որպես առավելություն մեր հանդեպ, և այդ հարուստ լինելու վրա կառուցվում էր քարոզչական միֆ, թե իրենք վաղ թե ուշ այնպիսի գերազանցության կհասնեն մեր հանդեպ, որ կկարողանան արագ ձեռք բերել հաղթանակ: Նախագահ Ալիևը բազմիցս պատկերավոր համեմատություններ էր անում՝ ասելով, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելին է, քան Հայաստանի ողջ բյուջեն: Հիմա տեսնում ենք, որ իրավիճակը փոխվել է: Հիմա այդ քարոզչական առասպելի հիմքը վերացել է, քանի որ նավթի գներն անկում են ապրում: Ադրբեջանը տնտեսական լուրջ խնդիրներ ունի՝ իրենց արտարժույթի պահուստները զգալիորեն կրճատվել են, մանաթը արժեզրկվել է, նկատելի է թանկացումներ:
Չնայած, որ Ադրբեջանում ամեն ինչ անում են, որ սպառազինությունների ոլորտին տնտեսական խնդիրները չանդրադառնան, սակայն դրանք միևնույն է չեն կարող շրջանցել ռազմական ոլորտը:
Անգամ ավելի բարենպաստ տնտեսական պայմաններում լինելով՝ Ադրբեջանը չի կարողացել որևէ հաջողության հասել սահմանին, այնպիսի գերազանցության հասնել, որ մեծ պատերազմ սկսեն ու հաղթեն մեզ:
Տնտեսական խնդիրն, իհարկե, մեր թշնամուն թուլացնող հանգամանք է. նրանք այլևս չեն կարող հոխորտալ, թե այնքան հարուստ են, որ կարող են գերազանցություն ունենալ մեր հանդեպ, բայց այդուհանդերձ ասել և ասում եմ, որ մենք մեր հզորանալու վրա պետք է հույս դնենք, այլ ոչ թե հույս կապենք, թե ինչ-ինչ հանգամանքների պայմաններում թշնամին կարող է թուլանալ:
Իհարկե թշնամու թուլանալը մեզ ձեռնտու է, բայց մենք աշխատում ենք մեր բանակը հզորացնելու ուղղությամբ: Սա սկզբունքորեն շատ կարևոր է: Պետք է ոչ թե հուսալ, որ որոշ գործոնների արդյունքում ադրբեջանական տնտեսությունը անկում կապրի, թշնամին կթուլանա, այլ մեր զինված ուժերի մարտունակությունն բարձրացնելու ուղղությամբ անընդմեջ աշխատանք տանել:
Ամփոփելու համար ասեմ, որ հիմա նաև տնտեսական խնդիրներով պայմանավորված Ադրբեջանի նվաճողական նկրտումներն ավելի ու ավելի անիրականանալի են դառնում, և այդ առումով սա կարող է նաև նպաստել, որ Ադրբեջանում համակերպվեն առկա իրողությունների հետ: Իսկ առկա իրողությունն այսպիսին է, որ Արցախն իր մոտ 12 հազ. քառ. կմ տարածքով կայացած պետական միավոր է՝ հայոց երկրորդ պետությունը, և վաղ թե ուշ Ադրբեջանում պետք է համակերպվեն դրա հետ: Տնտեսական խնդիրները պետք է օգնեն մեր ոխերիմ հարևաններին համակերպվել դրա հետ, և աստիճանաբար կհասունանա այն գիտակցությունը, որ ավելի լավ է այդ նավթային եկամուտներն ուղեն այլ ոլորտներ, օրինակ՝ աղքատություն կրճատմանը: