ԵԽԽՎ պատգամավորները՝ ընդդեմ խոսքի և կամընտրանքի ազատության

14:47     24 հունվարի, 2016

Եվրոպայի խորհուրդը՝ որպես միջազգային կառույց, ունի հայտարարված նպատակ՝ պաշտպանել մարդկանց հիմնարար իրավունքները, այդ թվում խոսքի և կամընտրանքի ազատության իրավունքը: Եթե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում ընդունված Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող երկու բանաձևերի նախագծերը դիտարկենք ԵԽ հայտարարված նպատակների համատեքստում, ապա պետք է փաստենք, որ այն իր բնույթով ոչ միայն հակահայկական է, այլև հակասում է հենց ԵԽ նպատակներին և ընդհանրապես ձևավորված եվրոպական արժեհամակարգին, քանի որ զեկույցների պատրաստման գործընթացի ողջ ընթացքում հաշվի չի առնվել ԼՂՀ բնակչության կարծիքը (ԼՂՀ ներկայացուցիչները որևէ մասնակցություն չեն ունեցել զեկույցների պատրաստման գործընթացին), չնայած նրան, որ զեկույցներն անմիջականորեն վերաբերում են նրանց ճակատագրին: Այս մասին գրում է Panorama.am-ը:

Այս համատեքստում կարևոր է նաև փաստել, որ երկու բանաձևերի նախագծերի հեղինակներից և ոչ մեկը (ո՛չ Ռ.Ուոլթերը, ոչ էլ Մ.Մարկովիչը) զեկույցների պատրաստման ժամանակ չեն այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ասվածն առավել անտրամաբանական է դառնում, եթե հաշվի առնենք, որ այլ չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների դեպքում հենց նույն ԵԽԽՎ-ն հնարավորություն է տվել ներկայացված լինել կառույցում: Օրինակ՝ Կոսովոյի դեպքում 2013 թվականին ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել թույլ տալ Կոսովոյի խորհրդարանի երկու ներկայացուցչի (մեկ ներկայացուցիչ՝ մեծամասնությունից, մյուսը՝ ընդդիմադիր ուժերից) ներկա գտնվել ԵԽԽՎ մի շարք կոմիտեների լսումներին : Բացի այդ՝ Կոսովոյի վերաբերյալ ընդունված 2010 թվականի հունիսի 20-ի ԵԽԽՎ բանաձևերում («Իրավիճակը Կոսովոյում և Եվրոպայի խորհրդի դերը») ԵԽԽՎ-ն կոչ է անում կուսակցություններին սկսել քաղաքական երկխոսություն Կոսովոյի իշխանությունների հետ : Հյուսիսային Կիպրոսի դեպքում դեռևս 2004 թվականին ԵԽԽՎ որոշում է ընդունել թույլ տալ Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցիչներին մասնակցել ԵԽԽՎ նստաշրջաններին: Ուստի եթե վերը նշվածն ամփոփենք, ապա պետք է փաստենք, որ ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերի նախագծերը ոչ միայն հակասում են ԵԽԽՎ առաքելությանը (ԵԽԽՎ-ն երբևէ չի ունեցել և չունի հակամարտությունների կարգավորման, քաղաքական լուծումների որոնման, միջնորդական գործունեության առաքելություն), այլև ԵԽԽՎ նախկին փորձին և եվրոպական արժեհամակարգին. կողմ քվեարկելով բանաձևերին ԵԽԽՎ որոշ պատգամավորներ՝ դեմ են դուրս գալիս եվրոպական արժեհամակարգին, կիրառում են երկակի ստանդարտներ և խտրական վերաբերմունք՝ զրկելով ԼՂՀ բնակչությանն ազատ կամընտրանքի և խոսքի իրավունքից:


© armedia.am