Բայդենն ու Էրդողանը Ստամբուլում քննարկել են ԻՊ դեմ պայքարում համագործակցության հարցը

10:16     25 հունվարի, 2016

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության հարցը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ: 

Հունվարի 21-ին Բայդենը մեկնել էր Թուրքիա։ Այցի շրջանակում նախատեսված էր նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։

Հանդիպման ժամանակ Բայդենն ու Էրդողանը քննարկել են նաև Թուրքիայի և Իրաքի միջև վերջերս առաջացած լարվածության լիցքաթափման կարևորությունը «վերջինիս ինքնիշխանության հանդեպ հարգանքի ոգով»։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Թուրքիան զորք էր մտցրել Իրաք՝ քուրդ «փեշմերգաներին» ԻՊ-ի դեմ պայքարին պատրաստելու պատրվակով: Իրաքի ԱԳՆ-ն երկրի տարածք Թուրքիայի զորքերի տեղակայումն առանց Բաղդադի հետ համաձայնության գնահատել է որպես «թշնամական գործողություն»։


© armedia.am