Հայաստանի Զինված ուժերի զարգացման պլանում առկա է բոլոր զինատեսակների համաչափ զարգացումը և նոր միջոցների ձեռքբերման խնդիրը: Այս մասին լրագրողների հետ 2015 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հաստատելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո տարածված տեղեկությունը, որ քննարկվել էր ՍՈՒ 30 կործանիչների ձեռքբերումը:
«Այդ խնդիրները, անկասկած, քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համապատասխան միջոցառման ժամանակ», - նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Բացի այդ, պատասխանելով թուրք-քրդական բախումներից հնարավոր վտանգների ստեղծման վերաբերյալ հարցին, Սեյրան Օհանյանը, մասնավորապես նշել է. «Նախ, պաշտպանական ռազմավարական վերանայման շրջանակներում մենք գնահատել ենք բոլոր այն սպառնալիքները, որոնք կան անվտանգության միջավայրից ելնելով և հաշվի ենք առել այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեր հարևան պետությունում` մեր սահմանին»: