Մենք պետք է չմոռանանք, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի լիիրավ անդամ է, և Մարկովիչի բանաձևը չի կարող ԵԽ-ի հետ բարիկադավորման պատճառ դառնալ: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
«Մենք ԵԽԽՎ լիիրավ անդամ ենք և մեր պատվիրակությունն իր գործընկերների հետ պետք է բարեփոխումներ ձեռնարկի հետագայում թույլ չտալու համար նման իրադրություններ մեր կամ այլ երկրերի առնչությամբ»,- ասել է Բեքարյանը: Նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության գործիքները նույնպես բարեփոխումների կարիք ունեն: Սա անհատների խնդիր չէ, այլ ավելի ինստիտուցիոնալ:
Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների համատեքստում Բեքարյանն անդրադարձել է նաև հունվարի 21-ին կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի ամփոփիչ հայտարարությանը: Նա դրական է գնահատել հայտարարությունը՝ հատկապես ընդգծելով դրանում անդրադարձը ՀՀ-ԵՄ բանակցությունների վերսկսմանը, նոր փաստաթղթում Ասոցացման համաձայնագրի բովանդակության պահպանմանը, համագործակցության խորացման երկկողմ ցանկության ամրագրմանը, ինչպես նաև միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համատեքստում Հայաստանի մեծ ներդրմանը: Բեքարյանի գնահատականով, կարևոր է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթում տեղ գտած ձևակերպումը, որն արտահայտում է ԵՄ պաշտոնական դիրքորոշումը և ուղղորդված պահաnջ ներկայացնում Ադրբեաջնին համաձայնություն տալ միջնորդների կողմից առաջարկվող հետաքննության մեխանզիմներին: