Մերձավորարևելյան տարածաշրջանում իսլամական ծայրահեղականության և ահաբեկչության սպառնալիքի տարածման պայմաններում Անկարան Թուրքիայի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք է համարում քրդերին: Նման եզրահանգման կարելի է գալ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ հունվարի 27-ին տեղի ունեցած յոթժամյա նիստից հետո տարածած հայտարարությունից: Այսպես, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն՝ Թուրքիան կշարունակի Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ վճռական պայքարը, ինչպես նաև «կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ շրջանի (հարավարևելյան նահանգների) բնակչության շարքերում զոհերը կանխելու ուղղությամբ»:
Նշենք, որ թուրքական կառավարական ուժերի և քրդերի միջև հարավարևելյան նահանգներում զինված բախումները շարունակվում են 2015 թվականի հուլիսի վերջից, երբ Թուրքիայի ամենամեծ ներքաղաքական խնդրի՝ քրդական հիմնախնդրի կարգավարման խաղաղ գործընթացը տապալվեց: Անկարան հարավարևելյան նահանգներում սկսած ռազմական գործողությունը ներկայացնում է որպես պայքար ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ, սակայն բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների համոզմամբ Թուրքիան թաքցնում է, թե իրականում ինչ է տեղի ունենում երկրի հարավարևելյան նահանգներում: Այսպես, 2015 թվականի դեկտեմբերի Human Rights Watch միջազգային իրավապահ կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն՝ հարավարևելյան նահանգներում զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 162 խաղաղ բնակիչ, ևս 1.37 մլն մարդ ստիպված է ապրել շուրջօրյա պարեկային ժամի պայմաններում, երբ չեն կարող դուրս գալ խանութ կամ դիմել բուժօգնության:
Ընդ որում, Թուրքիայի անվտանգության համար, ըստ Ազգային անվտանգության խորհրդի, սպառնալիք են նաև Սիրիայի քրդերը: Այսպես, Թուրքիայի անվտանգության խորհուրդը վերահաստատել է սիրիական հակամարտության նկատմամբ Անկարայի դիրքորոշումը, համաձայն որի՝ հակամարտության կարգավարում չի կարող տեղի ունենալ նախագահ Բաշար Ասադի օրոք կամ Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցության պահպանման պայմաններում: Նշենք, որ Անկարայի պնդմամբ վերջինս հանդիսանում է Քրդստանի աշխատավարական կուսակցության սիրիական թևը:
Հետաքրքրիր է, որ տարածաշրջանային մեծ սպառնալիք համարվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին Թուրքիայի անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ բավականին թռուցիկ կերպով է նշված, իսկ Սիրիայում իր գործողություններն Անկարան փորձում է արդարացնել այդ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում բնակվող թուրքմեններին աջակցելու անհրաժեշտությամբ, քանի որ վերջիններս դարձել են ռուսական ավիահարվածների թիրախ:
Այն, որ թուրքական իշխանություններն ԻՊ իր սահմաններին մոտ գտնվելը երկրի անվտանգության սպառնալիք չեն համարում, պարզ դարձավ 2015 թվականի ամռանը սիրիական քրդերի կողմից սահմանային Թել Աբյադ քաղաքի՝ ԻՊ գրոհայիններից հետ գրավման Անկարայի բուռն և բացասական արձագանքից, ինչը ևս մեկ անգամ փաստում էր ԻՊ և Անկարայի միջև առկա համագործակցությունը: