Ադրբեջանի նախագահը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է սառեցնել Ղարաբաղյան հակամարտությունը։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Հայկական կողմը փորձում է ժամանակ ձգել: Շատ եմ ցավում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք պետք է անմիջականորեն զբաղվեն այս հարցով, ոչ թե հակամարտության կարգավորման են ձգտում, այլ սառեցման: Նրանց այսօրվա գործունեությունը բացարձակապես անիմաստ է», - ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա մեղադրել է միջազգային միջնորդներին ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ուոլթերի հեղինակած հակահայկական բանաձևի ընդունումը տապալելու մեջ: «Մինսկի խմբի համանախագահները ճնշում են գործադրում նրանց վրա, որ հարցը չքննարկվի: Հենց այդ սադրիչ գործունեության պատճառով մեզ 4 ձայն պակասեց բանաձևն ընդունելու համար: Հետևաբար, ի՞նչ գնահատականի է արժանի Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը: Միայն բացասական», - ասել է Ալիևը: