ՄԱԿ-ն արձագանքում է քրդերի դեմ թուրքական իշխանությունների բռնություններին

19:54     2 փետրվարի, 2016

Թուրքական իշխանությունները շարունակում են «հատուկ գործողություններ» իրականացնել երկրի հարավարևելյան նահանգներում: Քրդական Rudaw գործակալությունը հայտնում է, որ թուրքական անվտանգության ուժերն այս շրջանում առնվազն երկու տասնյակ զինյալ են սպանել, ովքեր, թուրքական իշխանությունների պնդմամբ, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներ են: Նրանք հիմնականում սպանվել են Դիարբեքիր նահանգի Ջիզրե, Սուր և Շիրնաք շրջաններում: Թուրքական Anadolu գործակալության տվյալներով՝ դեկտեմբերից թուրքական ուժերը PKK-ի 500 զինյալ են ոչնչացրել Ջիզրեում, ևս 150-ը սպանվել է Սուրում:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության տվյալներով քրդաբնակ քաղաքներում մտցված արտահերթ իրադրության պայմաններում 161 խաղաղ բնակիչ է սպանվել, որից 30-ը՝ կանայք են:

Ամիսներ շարունակ ընթացող գործողություններին վերջապես արձագանքում են միջազգային կառույցները: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ-Հուսեյնը կոչ է արել թուրքական իշխանություններին հետաքննել Ջիզրեում 10 օր առաջ անզեն քաղաքացիների վրա տեղի ունեցած կրակոցները: Ինչպես հյատնում է Today’s Zaman-ը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 20-ին, վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ քրդամետ կուսակցության երկու պատգամավոր: ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարը կոչ է արել «թուրքական իշխանություններին իրենց գործողություններն իրականացնելիս հարգել քաղաքացիների հիմնարար իրավունքները»:

Նշենք, որ թուրքական իշխանությունների գործողությունները լուրջ դժգոհություն են առաջացրել նաև երկրի ներսում: Ի վերջո, պաշտոնական տվյալների համաձայն, այդ գործողությունների հետևանքով մահացած թուրք զինծառայողների թիվն արդեն գերազանցում է 250-ը: 


© armedia.am