Թուրքիայում քաղաքական բևեռացումը գնալով խորանում է. հետազոտություն

18:52     3 փետրվարի, 2016

Թուրքիայում քաղաքական բևեռացումը գնալով խորանում է. քաղաքական պատկանելությունը սկսել է որոշիչ լինել մարդկանց միջև հարաբերություններում: Այս մասին ասվում է Գերման Մարշալի անվան ամերիկյան հիմնադրամի՝ հասարակության բևեռացման վերաբերյալ նոր հետազոտությունում:

Վերջինիս համաձայն՝ թուրքերի ավելին քան երեք քառորդը չի ցանկանում ունենալ հարևաններ, որոնց քաղաքական հայացքներն էապես տարբերվում է իրենց մոտեցումներից: Նման մարդկանց հետ գործնական հարաբերություններ չի ցանկանում ունենալ հարցման մասնակիցների 73 տոկոսը: Թուրքերի մոտ 83 տոկոսն էլ չի ցանկանում, որ իրենց երեխաններն ամուսնանան մեկի հետ, ում ծնողներն ունեն այլ կուսակցական պատկանելություն կամ քաղաքական դիրքորոշում:

Ընդ որում, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) ընտրողների 65 տոկոսն իր աշխարհընկալումից բավականին հեռու է համարում քրդական Ժողվրդա-դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) գաղափարախոսությունը, իսկ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) կուսակցության ընտրողների 61 տոկոսն՝ «ընդհանուր եզրեր» չի գտնում իշխող կուսակցության գաղափարախոսության հետ:

Հետազոտության համաձայն՝ քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցություն կողմնակիցների համար անցանկալի են հարաբերությունները Ազգայնական շարժում կուսակցության կողմնակիցների հետ, որոնց 65 տոկոսն իր հերթին վերջինիս քաղաքական հայացքներն իր համար է անընդունելի համարում: Ընդ որում, քրդական կուսակցության քաղաքական հայացքները բավականին տարբերվում են հետազոտության մասնակիցների 44 տոկոսի հայացքներից:  

Հետազոտության մասնակիցների 22 տոկոսը համամիտ է իշխող կուսակցության, իսկ 7 տոկոսը՝ Ազգայնական շարժում կուսակցության քաղաքական գծի հետ: Թուրքերի մեծ կարծիքով իրենց քաղաքական դիրքորոշման ավելի մոտ է Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայացքներին:

Հետազոտությունում նշվում է, որ անկախ քաղաքական հայացքներից թուրքերը հիմնականում կարդում են Hürriyet և Posta օրաթերթերը:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել նաև, որ հասարակությունից իրենց օտարված զգացող քաղաքացիների հիմնական մասը քրդական ծագում ունի: Նման իրավիճակը գոհացնում է ԱԶԿ ընտրողների 44 տոկոսին: Մինչդեռ Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակից գոհ են  ԺՀԿ-ի ընտրողների միայն 22, իսկ ԺԴԿ ընտրողների՝ 7 տոկոսը:

Նշենք, որ Անկարան քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողություն է իրականացնում երկրի հարավարևելյան նահանգներում: Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ ահազանգում են, որ Անկարայի ռազմական գործողության զոհ են դառնում խաղաղ բնակիչներ:


© armedia.am