Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը հանդես է եկել Թուրքիայում գիտնականների ձերբակալությունների դեմ: Խոսքը գնում է այն գիտնականների մասին, ովքեր կոչ էին արել թուրքական իշխանություններին դադարեցնել «հատուկ գործողությունները» Թուրքիայի հարավ-արևելքում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրանց դավաճան անվանեց, ինչից հետո սկսվեցին նրանց ձերբակալությունները:
Օրհան Փամուկն ասել է, որ գիտնականների նկատմամբ հետաքննություններն ու նրանց ձերբակալությունը հարիր չէ Թուրքիային: «Նրանց ձեռնաշղթաներ հագցնելը և դավաճան անվանելը չի սազում Թուրքիային», - Hurriyet Daily News-ը մեջբերում է Փամուկի խոսքերը: Փամուկի կարծիքով գիտնականների խնդրագիրը «սխալ» էր, բայց դրա գլխավոր փիլիսոփայությունը «խաղաղությունն էր»: «Ես դեմ եմ այս խստությանը, որը գալիս է պետության վերևից», - ասել է Նոբելյան մրցանակակիրը:
Երկրում խորացող թուրք-քրդական առճակատումը հաղթահարելու համար քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը Թուրքիայի նախագահին և վարչապետին հրավիրել է բաց բանավեճի՝ ընդգծելով, որ ուղղակի բանակցություններն անհրաժեշտ են: Ելույթ ունենալով Թուրքիայի խորհրարանում՝ նա մեղադրել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը երկերեսանիության մեջ, հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:
«Կուսակցությունը պնդում է, որ քրդերը մեր եղբայրներն են, բայց իրականում նրանք անգամ մեկ քրդերեն բառ չեն հանդուրժում խորհրդարանում», - ասել է Դեմիրթաշը՝ Էրդողանին և Դավութօլուին հրավիրելով բաց բանավեճի՝ պարզելու համար, թե իրականում ով է ճիշտ խոսում: Դեմիրթաշը նաև հայտարարել է, որ խորհրդարանը Թուրքիայի ամենաանարդյունավետ մարմինն է: