Հռոմի Պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության պատճառով Վատիկանը լքած թուրք դեսպանը վերադառնում է

16:10     4 փետրվարի, 2016

Թուրքիան 10 ամիս անց որոշում է կայացրել վերադարձնել Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով հետ էր կանչվել Թուրքիա Ֆրանցիսկոս Պապի Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարության պատճառով:

Ըստ թուրքական «Hurriyet»-ի` Թուրքիայի ԱԳՆ այսպիսի որոշում է  կայացրել է այն բանից հետո, երբ Հռոմի Պապը փետրվարի 3-ին «Դարդանելի առաջին հաղթանակը.1657» գրքի շնորհանդեսի ժամանակ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, օգտագործել է «1915 թվականի ողբերգական իրադարձություններ» ձևակերպումը:

 Թուրքիայի ԱԳՆ-ի հայտնած տեղեկության համաձայն՝ Պապի ելույթում նշված է, որ «Վատիկանը հավանություն է տալիս Օսմանյան ժամանակաշրջանում Անատոլիայի հայերի պատմությունն ու կրած տառապանքներն ավելի լավ ըմբռնելու համար արխիվները բացելու 2005 թվականին Թուրքիայի կողմից արված պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Պապն իր ելույթում նաև դատապարտել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի»՝  ASALA-ի մարտիկների կողմից 1977թ. Վատիկանում կազմակերպված Թուրքիայի դեսպան Թահի Ջարըմի սպանությունը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի մատուցման ժամանակ Հայոց ցեղասպանությունն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և անցյալ դարի երեք մեծ ողբերգություններից մեկը: Մյուս երկու ողբերգությունը, ըստ նրա, ստալինյան բռնաճնշումներն էին ու Հոլոքոստը:


© armedia.am