Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունն, այլև հնարավորությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությանը չխաթարող էներգակիրների գինը»,- նշել է նա՝ հավելելով, որ իրենք շահագրգռված են, որպեսզի հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Հայաստան» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր:
«Սակայն տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: Գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ՝ ավելի ցածր գների դեպքում:
Կարծում եմ, որ «Գազպրոմ Հայաստան» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներայացնելու գործում, ինչի արդյունքում թե՛ «Գազպրոմ» ընկերության, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար հստակ կդառնա մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,-ընդգծել է վարչապետը: