Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ողջունում է Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի եկեղեցապատկան կալվածքների մասին որևէ փաստաթղթի հայտնաբերումն ու հրապարակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կաթողիկոսն այս մասին նշել է «ՀԱՍԿ» պարբերականին տված հարցազրույցում:
«Նման փաստաթղթերը մեծապես նպաստում են ազգային պահանջատիրության ու հատկապես իրավական հարթությունում կատարվող մեր աշխատանքերին: Անհրաժեշտ է նկատել, որ այս հարցերի հետ կապված մեր մոտեցումները պետք է լինեն համապարփակ ուսումնասիրված և հետևողական, հեռու` պատահական մոտեցումներից, հապճեպ մեկնաբանություններից ու զգացական արտահայտություններից»,-ասել է Վեհափառը:
Նա կարևորել է իրավական հարթությունում կատարվող աշխատանքը: Նրա խոսքով, հայկական կողմի պահանջատիրությունը կմնա ռոմանտիկ ու հռետորական մոտեցումների շրջանակում, եթե չունենա իրավական կոնկրետ հիմք:
«Չենք մոռանում, որ մեր դատը քաղաքական է, սակայն պետք չէ անտեսել նրա իրավական մասը: Մեր համոզմամբ, որպես Հայ դատի իրավական հետապնդման առաջին կոնկրետ քայլ, հարկավոր է սկսել մեր կալվածքներից` առաջնահերթություն տալով եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքներին: Թե Լոզանի համաձայնագիրը, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած իրավական սկզբունքներն ու գործունեության շրջագիծը և թե, ընդհանրապես, միջազգային օրենքն այս ուղղութմամբ որոշ հնարավորութուններ են տալիս: Այդ ամենը հաշվի առնելով է, որ Թուքիայում դատական հայց ներկայացրեցինք Սիսի կաթողիկոսարանի վերադարձի առնչությամբ»,-ավելացրել է Արամ Ա կաթողիկոսը:
Նա ընդգծել է, որ դրանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր կան պահպանված: Նրա տեղեկացմամբ` կաթողիկոսարանի արխիվում պահպանվում է կալվածքների ցանկը, դրանց առնչվող այլ փաստաթղթեր, մասնավորապես, ապահովագրական ընկերությունների հետ կնքված համաձայնագրեր, կալվածքների եկամուտները ճշտող ցանկեր և այլն: Անդրադառնալով առաջիկա քայլերին` կաթողիկոսը նշել է, որ շուտով խորհրդակցական հանդիպում է կազմակերպվելու իրավագետների հետ: