Մեծ Բրիտանիայում ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցներն ամենամեծ գերակշռությանն են հասել իրենց հակառակորդների նկատմամբ՝ վարչապետ Քեմերոնի կողմից այդ հարցով համազգային հանրաքվե անցկացնելու նախաձեռնության մասին հայտարարելուց ի վեր: YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից իրականացված հարցման արդյունքների համաձայն՝ բրիտանացիների 46 տոկոսը կողմ է ԵՄ կազմից դուրս գալուն: Եվրոպական ընտանիքից դուրս գալուն դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների ընդամենը 36 տոկոսը:
«ԵՄ-ից դուրս գալու արշավն ամենամեծ քանակությամբ հետևորդներն է ձեռք բերել այն բանից հետո, երբ հասարակությունը մերժեց Դեյվիդ Քեմերոնի՝ Բրյուսելի հետ Լոնդոնի հարաբերությունների բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-ի հետ գործարքը»,- գրում է հարցման արդյունքները հրապարակած Times թերթը: Վերջինիս փոխանցմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում եվրաինտեգրման կողմնակիցների նկատմամբ եվրոսկեպտիկների առավելության 5 տոկոսով աճելուն նպաստել է փետրվարի 2-ին ԵՄ բարեփոխման վերաբերյալ համաձայնագրի նախագծի հրապարակումը: Ընդ որում, բրիտանացիների մոտ առավել մեծ դժգոհություն է առաջացրել այն, որ բարեփոխումների համաձայնագրում բացակայում է ԵՄ-ի մյուս երկրներից Մեծ Բրիտանիա ժամանած միգրանտներին նպաստներ ստանալու հնարավորությունից զրկելու հուսալի և երկարաժամկետ մեխանիզմը: Արդյունքում՝ համաձայնագրի նախագիծն ստացել է հարցվածների միայն 22 տոկոսի աջակցությունը: Հարցման մասնակիցների 46 տոկոսը կարծում է, որ բրիտանացի խորհրդարանականները պետք է վետո դնեն նման ձևաչափով բարեփոխման համաձայնագրի իրականացման վրա:
Նշենք, որ Բրիտանիայի առաջարկած ԵՄ բարեփոխումների նախագիծը ենթադրում է ազգային խորհրդարանների կողմից եվրոպական օրենսդրության վերանայման հնարավորությունը, երաշխավորում է Միացյալ թագավորության իրավունքը՝ ձեռնպահ մնալ ԵՄ-ում առավել խոր քաղաքական ինտեգրումից (ներառյալ Շենգենյան գոտուց և եվրոյի գոտուց դուրս մնալու իրավունքը), ինչպես նաև անվտանգության հարցերով ինքնուրույն որոշումների ընդունումը: Մեծ Բրիտանիան իրավունք է ստանում մինչև 4 տարի ժամանակով հետաձգել նոր ժամանած միգրանտների՝ երկրի սոցիալական համակարգին միանալը: «Բարեփոխումների մասին որոշումն ուժի մեջ է մտնում ԵՄ անդամ երկրների կողմից վավերացվելուց և միության կազմում մնալու Մեծ Բրիտանիայի որոշումից հետո», - ասվում է փաստաթղթում: Նշենք, որ ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեն նախատեսվում է անցկացնել մինչև 2017 թվականի վերջ, սակայն, բրիտանական մամուլի տեղեկություններով, կառավարությունը հակված է հանրաքվեն անցկացնել այս տարվա ամռանը: