Փետրվարի 4-ին կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանը համառուսական պատժամիջոցներին վերաբերող բանաձև է ընդունել: Բանաձևում նշվում է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման պայմաններից մեկը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելն է:
Բանաձևին կողմ է քվեարկել 472 պատգամավոր, դեմ՝ 79-ը, 33 հոգի ձեռնպահ է մնացել: Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները հնարավոր կլինի չեղարկել միայն «Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի վերահսկողությունը» վերականգնելու դեպքում:
Բանաձևում ասվում է, որ պատգամավորները հաստատում են հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, երկրի միջազգայնորեն ընդունված սահմանների շուրջ իրենց դիրքորոշմանը:
Եվրախորհրդարանը նաև Եվրոպայի Խորհրդին կոչ է արել պահպանել պատժամիջոցները, որոնք վերաբերում են անմիջականորեն Ղրիմին: Խոսքը Ղրիմից Եվրոպա ապրանքների արտահանման, որոշ ապրանքներ Ղրիմ ներկրման, ինչպես նաև այնտեղ ներդրումներ անելու արգելքի մասին է:
Բացի այդ, բանաձևում դատապարտվում է «Ռուսաստանի կողմից Ղրիմի աննախադեպ ռազմականացումը, որը բացասական ազդեցություն է գործում տնտեսական և սոցիալական կյանքի վրա»։
Ուշագրավ է, որ դեռևս հոկտեմբերի սկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Ուկրաինական ճգնաժամը հաղթահարված կլինի, երբ Ուկրաինան վերականգնի սուվերենությունն իր տարածքի նկատմամբ՝ նույնիսկ առանց Ղրիմի: Այսօր ԵՄ-ն կրկին կոշտացնում է դիրքորոշումը՝ Ղրիմը վերադարձնելով օրակարգ: Սա կարող է հետևանք դիտարկվել մի շարք միջազգային կարևորության խնդիրներում կարգավորման հասնելու կամ դրան նպաստ բերելու Ռուսատանի անկարողությամբ, իսկ որոշ դեպքերում՝ ցանկության բացակայությամբ: