Իրանն ու Ռուսաստանը տարբեր արդյունաբերական նախագծերի շուրջ 40 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքել: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի-Աքբար Վիլայեթին, ով ավարտել է իր այցը Մոսկվա: Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Վիլայեթին նախագծերը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Մեր պայմանագրերը վերաբերում են միջուկային էներգիային, Բուշերի ատոմակայանի երկրորդ և երրորդ ռեակտորների կառուցմանը», - Press TV-ին տված հարցազրույցում ասել է Վիլայեթին: Նա նշել է, որ Իրանը հետաքրքրված է Ռուսաստանից վարկեր ստանալու հարցում: Իրանցի պաշտոնյան պարզաբանել է, որ այս պայմանագրերը ստորագրվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում, և կողմերը պատրաստ են իրականացնել դրանք:
Վիլայեթին նաև տեղեկացրել է, որ կողմերը համաձայնության են եկել մի շարք այլ առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ մուտքի արտոնագրի դյուրացման և նավթի վաճառքի հարցում: Թեհրանը դիտարկում է ռուսական նավթային «Ռոսնեֆտ» ընկերությանը նավթ վաճառելու հնարավորությունը:
Կողմերը քննարկել են նաև զենքի վաճառքի հարցում համագործակցությունը: «Իրանը ցանկանում է ավելի շատ զենք գնել Ռուսաստանից, իսկ Մոսկվան ուզում է դրական պատասխանել այս խնդրանքին», - ասել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիակատար անդամակցությանը:
Կրեմլում հաստատել են կողմերի միջև կայացած հադիպումը, բայց հրաժարվել են մանրամասներ հաղորդել: