Միացյալ Նահանգները չի առարկում հարևան Իրանի հետ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու Հայաստանի ծրագրերին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը պատասխանել է Azatutyun.am-ի հարցին: «Հայաստանն ինքնավար իրավունք ունի ամուր, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու այնքան ազգերի հետ, որքան ցանկանում է»:
«Ինչ վերաբերվում է Իրանին, ԱՄՆ կառավարությունը երախտագիտությամբ է նշում Հայաստանի դերակատարումը դիվանագիտական գործընթացի կայացման գործում, որը հանգեցրեց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կնքմանը՝ լիարժեք հարգելով Իրանի նկատմամբ միջազգային հանրության պատժամիջոցները, անգամ երբ դա ոոշակի կորուստ էր Հայաստանի և նրա տնտեսության համար», - ասել է Միլսն իր գրավոր մեկնաբանությունում:
«Բնական է, որ Հայաստանը պետք է սկսի մտածել այն ազդեցության մասին, որը պատժամիջոցների չեղարկումը կարող է ունենալ Իրանի հետ իր տնտեսական և քաղաքական կապերի վրա», - հավելել է դիվանագետը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանի հետ ավելի սերտ կապերը կարող են օգնել թուլացնելու Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից, Միլսն ասել է. «Մենք արդեն վաղուց խրախուսում ենք Հայաստանին դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումը էներգաարդյունաբերության բարձրացման և մեկ կողմից կամ աղբյուրից գերկախվածությունից խուսափելու համար»:
2015 թվականի կեսերին Իրանի և միջազգային միջնորդների «Վեցյակի» միջև միջուկային համաձայնագրի կնքումը Հայաստանում մեծ ոգևորությամբ ընդունվեց: Երկկողմ բազմաթիվ այցերի շրջանակներում ակտիվորեն քննարկվում է տարբեր ոլորտներում համագործակցության հաստատման հնարավորությունը: