Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստրասբուրգում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են միգրացիոն ճգնաժամն ու դրա կարգավորման հնարավոր ուղիները, հայտնում է Reuters-ը։
Գործակալության աղբյուրի խոսքով՝ Մերկելն ու Օլանդը համամիտ են Եվրահանձնաժողովի կողմից ընդունված գործողությունների ծրագրի առաջնահերթության հարցում։ Այդ ծրագիրն իր մեջ ներառում է Հունաստանի սահմաններին իրավիճակի վերահսկման համար օգնություն և ֆինանսական օգնության հատկացում Թուրքիային՝ դեպի Եվրոպա փախստականների հոսքը սահմանափակելու համար։
Երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև փետրվարի 18-19-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները։ Բացի այդ, նրանք անդրադարձել են սիրիական ճգնաժամին և «ընդհանուր մտահոգություն» հայտնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։