Եվրահանձնաժողովի գնահատականներով, այսպես կոչված՝ Բալկանյան երթուղով ԵՄ ժամանած ներգաղթյալների մոտ 40%-ն ապաստան ստանալու հնարավորություն չունի:
Վերջին ժամանակներս նվազել է Թուրքիայից Հունաստան տեղափոխված սիրիացիների քանակը, միևնույն ժամանակ, ավելացել է իրաքցիների և աֆղանների թիվը:
2016 թվականի սկզբից ի վեր Թուրքիայից հունական կղզիներ է տեղափոխվել ավելի քան 68 հազար մարդ: Այդ մասին հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչությունը:
Գրեթե բոլոր ներգաղթյալները Հունաստանից մեկնում են, այսպես կոչված, բալկանյան ճանապարհով դեպի Ավստրիա և Գերմանիա: Հունա-մակեդոնական սահմանին այժմ 5-ից 7 հազար փախստական սպասում է Մակեդոնիա մտնելու հնարավորությանը: Իսկ Մակեդոնիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստվում են Հունաստանի հետ սահմանին նոր պատ կառուցել միգրանտների մեծ հոսքերից խուսափելու համար:
Այս ամենի համատեքստում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիային կոչ անելով բացել սահմանները ներգաղթյալների համար: Մոգերինին, ելույթ ունենալով ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, ասել է. «Սա բարոյական պարտք է: Այս մարդիկ, որ գալիս են Սիրիայից, կարիք ունեն միջազգային պաշտպանության: Սա անառարկելի փաստ է»: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան շարունակում է բաց դռների քաղաքականությունը և ընդունել է 5000 փախստականի:
Հիշեցնենք, որ տարեվերջին Եվրամիության և Անկարայի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն Թուրքիայի կողմից միգրանտների հոսքը Եվրոպա զսպելու վերաբերյալ: Անկարային դրա դիմաց եվրոպական երկրները պետք է տրամադրեն հսկայական ֆինանսական աջակցություն:
Սակայն դժվար է ասել, որ ԵՄ նման որոշումներն իրավիճակ են փոխում կամ որևէ կերպ առաջընթաց գրանցում միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում, առավել ևս հաշվի առնելով հակամահմեդական ցույցերի շարքը ողջ Եվրոպայով մեկ և ճնշումները նորեկների հանդեպ:
Սրա վառ օրինակն է PEGIDA նախաձեռնությունը, որի անունը հապավում է և թարգմանաբար նշանակում է՝ «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի մահմեդականացման»: PEGIDA-ն ոչ միայն ցույցեր ու հավաքներ է իրականացրել եվրոպական քաղաքներում ընդդեմ փախստականների, այլև այժմ կասկածվում է նաև Պրահայում երկու օր առաջ փախստականների աջակցության կենտրոնն այրելու մեջ:
Ինչպես հայտնել է Չեխիայի ոստիկանությունը, փետրվարի 6-ին երկու տասնյակ անհայտ անձինք հրկիզել են «Կլինիկա» կոչվող կենտրոնը և չնայած հրդեհը հաջողվել է արագությամբ հանգցնել,առնվազն մեկ մարդ տուժել է դրա հետևանքով:
Նշենք, որ մինչ կենտրոնի հրկիզումը, PEGIDA-ն հերթական հակամահմեդական ցույցն էր կազմակերպել Չեխիայի նախագահական նստավայրի՝ Պրահայի ամրոցի առջև: