Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպում է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետով Հայաստան է ժամանել պաշտոնական այցելությամբ: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Ասուլիսի ժամանակ Նալբանդյանը մասնավորապես նշել է.
«Տիկին Վալստրյոմի հետ կարևորեցինք Հայաստան - Շվեդիա հարաբերությունների դինամիկ զարգացումը, որը հատկապես ակտիվացել է երկու դեսպանությունների բացումից ի վեր: 2014թ. Ստոկհոլմում մենք՝ տիկին Վալստրյոմի հետ միասին, բացեցինք ՀՀ դեսպանությունը: Նաև այստեղ բացվեց Շվեդիայի դեսպանությունը: Դեսպանություններն ակտիվ գործուներություն են ծավալել հարաբերությունների զարգացման, ընդլայնման, խորացման ուղղությամբ:
Անդրադարձանք առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին:
Պայմանավորվեցինք իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ներդրումների խթանման շուրջ: Գիտեք, որ Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ: Այս առումով կարևորեցինք քիչ առաջ ստորագրված գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը։
Տիկին Վալստրյոմի հետ պայմանավորվեցինք շարունակել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, պարբերական դարձնել երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունները` համագործակցության առավել խորացման նպատակով:
Որպես երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր դաշտ առանձնացրինք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
Իհարկե, անդրադարձանք Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին: Կարևորեցինք ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ մեկնարկած բանակցությունները:
Մեր բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները և մեր եվրոպական գործընկերների աջակցությունը դրանց։
Տիկին Վալստրյոմին ներկայացրեցի Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և եռանախագահող երկրների համատեղ ջանքերը: Մենք նաև հնարավորություն կունենանք աշխատանքային ճաշի ընթացքում քննարկելու տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցեր»: