Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն առաջին անգամ իր տեղակալ և իրանական պետական նավթաքիմիական ընկերության (National Petrochemical Company, NPC) տնօրեն է նշանակել կնոջ, հայտնում է Shana գործակալությունը։
Զանգանեն նրա նշանակման մասին նամակում իր որոշումը պայմանավորել է պատժամիջոցների վերացումից հետո ընդունված նոր կուրսով՝ ուղղված ժամանակակից տեխնոլոգիաների, արտասահմանյան ներդրումների ներգրավման ու արտահանման մեծացմանը։
Հարկ է նշել, որ վերջին շրջանում իսլամական հանրապետությունում կանանց նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ մեղմացել է: Այսպես, 2015 թվականի դեկտեմբերին առաջին անգամ Իրանը դեսպանի պաշտոնում կին է նշանակել. իսլամական հանրապետության դիվանագիտական առաքելությունը Մալազիայում կգլխավորի ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Մարիզե Աֆհամը: Իրանի նախագահն ընդգծել է, որ այդ նշանակումը «պետք է դիտարկել որպես երկրում իրանցի կանանց հնարավորությունների ցուցադրություն»: «Իրանի կանայք ակտիվ և շատ հաջող մասնակցություն են ունենում այնպիսի ոլորտների, ինչպիսիք են հասարակականը, մարզականը, կառավարման ոլորտը: Եվ իրանցի կնոջ վերջերս տեղի ունեցած նշանակումն ակներևաբար ցույց է տալիս, որ գենդերային հարցը ոչ մի նշանակություն չունի, երբ խոսքն այն մասին է, թե ում է պետք լայնամասշտաբ, լուրջ պարտականություններ վստահել», - ասել է Հասան Ռոհանին:
Նշենք, որ մինչև իսլամական հեղափոխությունն իրանցի կանայք լայն իրավունքներ ունեին և դրանով է բացատրվում, որ նրանք ակտիվ մասնակցություն էին ունենում իսլամական հեղափոխության ժամանակ անցկացվող ցույցերին: Սակայն պահպանողական իսլամը և շարիաթի նորմերը որպես երկրի գաղափարախոսություն ընտրած իրանական նոր իշխանությունները չեղարկեցին կանանց իրավունքների մեծ մասը: Ֆարրուխրու Պարսան՝ Իրանի առաջին կին նախարարը (1968 թվականից Իրանի կրթության նախարար), հեղափոխությունից հետո մահապատժի ենթարկվեց: Հենց նրա շնորհիվ է, որ իրանցի կանայք 1963 թվականին ստացան ձայնի իրավունք, որը բարեբախտաբար իսլամական իշխանությունները չչեղարկեցին:
Այսօր Իրանում կանայք կազմում են ընտրազանգվածի 44 տոկոսը, սակայն նրանք դեռևս չեն արողանում օգտագործել այդ ներուժը սեփական շահերի պաշտպանության համար: