Ռուսաստանն առաջարկում է մարտի 1-ից Սիրիայում հրադադար հաստատել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իր արևմտյան աղբյուրներին: Տեղեկության համաձայն՝ կողմերը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել խնդրի շուրջ: Միացյալ Նահանգները մտահոգություն ունի ռուսական առաջարկի որոշ տարրերի կապակցությամբ:
Ավելի վաղ Московский комсомолец թերթին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը Սիրիայում կրակի դադարեցման հստակ սխեմա է առաջարկել ԱՄՆ-ին: Նա մանրամասներ չէր հայտնել առաջարկի մասին, սակայն ընդգծել էր, որ ռուսական ծրագիրը չի ենթադրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ հրաժարական, ինչպես դա պահանջում են ԱՄՆ-ը և նրա տարածաշրջանային գործընկերները:
Մի կողմից, տպավորություն է ստեղծվում, թե սիրիական ճգնաժամում ներգրավված ուժերն, առաջին հերթին, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, բանակցելու իրական պատրաստակամություն են ցուցաբերում, իսկ մյուս կողմից՝ նրանց հայտարարություններից պարզ է դառնում, որ նրանք ամենևին չէլ չեն բացառում սիրիական ճգնաժամի ռազմական լուծման տարբերակը: Սա հեշտությամբ կարելի է նկատել ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարություններին հետևելիս: Լավրովն ու Քերին վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին:
Բացի այդ, արևմտյան մամուլն ու քաղաքական գործիչները բացահայտ մեղադրում են Ռուսաստանին Ժնևում միջսիրիական երկխոսության դադարեցման համար: Միացյալ Նահանգների կարծիքով մեղավորը Սիրիայի կառավարությունն է և նրան աջակցող պետություններն, այդ թվում՝ Ռուսաստանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս Անկարա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ «ցնցված է Ռուսաստանի աջակցությամբ Ասադի ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողություններից»:
Այսօր Մյունխենում սպասվող Սիրիայի աջակցման միջազգային խմբի հանդիպման ժամանակ կքննարկվեն սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Հրադադար հաստատելու ռուսական առաջարկն, իհարկե, դրական ազդեցություն կարող է ունենալ միջսիրիական բանակցությունների վերսկսման համար, քանի որ սա նաև ընդդիմության պահանջներից մեկն էր:
Հիշեցնենք, որ հրադադարի գաղափարը նոր չէ: ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող խորհրդակցությունների շրջանակներում նախատեսվում էր միջսիրիական երկխոսությունից հետո ձեռնամուխ լինել հրադադարի հաստատմանը և նոր Սահմանադրության մշակմանը: Բայց արդյո՞ք հակամարտող կողմերը և նրանց հետևում կանգնած ուժերը պատրաստ են հրաժարվել ռազմական լուծման տարբերակից և վայր դնել զենքերը...
Ակնհայտ է, որ ոչ: Պատերազմն այս պահին ձեռնտու է բոլոր կողմերին: Նույն սիրիական կառավարական ուժերը թեև դանդաղ, բայց նորանոր շրջաններ են ազատագրում, և ժամանակը հիմա նրանց օգտին է աշխատում: