Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է, այն տեղեկությունները, որ Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա հարձակմանը մեղսակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվածների թվում, նախնական տվյալներով, կան ՀՀ քաղաքացիներ:
«Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին անհայտ անձիք մտել էին Շիշլիում ապրող տարեց հայ ամուսինների տուն, վերցրել թանկարժեք զարդեր ու խոշոր չափի գումար և մահացու «խոզի կապանքով» կապել տանտերերին ու հեռացել։ Մինչ իրավապահների դեպքի վայր հասնելը 85-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ կնոջը մի կերպ են փրկել։