Իրանը զգուշացրել է Թուրքիային Սաուդյան Արաբիայի հետ վերջինիս խորացող համագործակցության կապակցությամբ: Թեհրանի կարծիքով Էլ-Ռիյադը Մերձավոր Արևելքում իր սխալ քաղաքականության պատճառով պարտվող երկրներից մեկն է, գրում է Hurriyet Daily News-ը: «Սա այն է, ինչ մենք ասում ենք մեր թուրք ընկերներին: Զգո՛ւյշ եղեք: Խաղադրույք մի՛ արեք պարտվողի վրա», - ասել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահմանպուրը, ով խորհրդակցություններ է անցկացրել իր թուրք գործընկերների հետ:
Թուրքիա-Սաուդյան Արաբիա խորացող համագործակցության մասին վերջին շրջանում խոսվում է հատկապես սիրիական հակամարտության ֆոնին: Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ծոցի մի շարք միապետություններ հայտարարեցին Թուրքիայի հետ համագործակցությամբ Սիրիա ցամաքային զինված ուժեր ուղարկելու պատրաստակամության մասին: Իսկ որոշ լրատվամիջոցներ անգամ հայտնում էին, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել:
Իրանն ու Թուրքիան սիրիական հակամարտությունում հակադիր դիրքեր ունեն: Անկարան և Էլ-Ռիյադը հսկայական ֆինասնական և ռազմական միջոցներ են տրամադրում ծայրահեղական զինված խմբավորումներին: Իրանի փոխարտգործնախարարն ընդգծում է, որ Իրանը Սիրիայում իր գործողությունները ծավալում է Դամասկոսի հրավերով, ինչը «չի կարելի ասել նույն Սաուդյան Արաբիայի մասին»:
Թեհրանում, մեղմ ասած, թերահավատորեն են մոտենում Սիրիա սաուդական զորքեր ուղարկելու գաղափարին՝ ընդգծելով, որ Եմենում պարտվող երկիրը չի կարող նոր պատերազմի մեջ ներգրավվել: «Դա կատակ է: Մենք ավելին չէինք էլ կարող ցանկանալ», - Al-Monitor-ին անանունության սկզբունքով ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու մասին լուրերը: