Իրանցիներն այսօր նշում են Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձը։ Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում այսօր հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ ուղղված կոչեր են հնչեցնում։ Այդ ակցիաների ընթացքում միլիոնավոր իրանցիներ իրենց հավատարմությունն են հայտնում Իսլամական հեղափոխության իդեալներին:
Սակայն, հարկ է նշել, որ հեղափոխության իդեալներն իրանական հասարակությունում՝ ավելի շուտ երիտասարդ սերնդի շրջանում այդքան էլ արմատավորված չեն, և երիտասարդության մի զգալի հատված չի ցանկանում ապրել իրեն պարտադրված իսլամական ավանդույթներով: Չնայած դրան, փորձագետներն ընդգծում են, որ իրանցիները բնավ մտադիր չեն տապալել կառավարման իսլամական կարգը և փորձում են հարմարվել առկա արժեհամակարգին: Հասարակությունում միանգամայն գիտակցում են, որ նման կարճ ժամանակահատվածում ևս մեկ հեղափոխությունը և արժեհամակարգի կտրուկ փոփոխությունը կբերի խոր ճգնաժամի: Այսպիսով, մեծ հաշվով կարելի է ասել, որ իսլամական հեղափոխությունը թեև ստեղծեց իսլամական արժեքներով ապրող հասարակությունը, սակայն չկարողացավ այդ արժեքներն արմատավորել վերջինիս մոտ:
Իսլամական հեղափոխությունը չկարողացավ կատարել նաև իր առջև դրած մյուս կարևորագույն խնդիրը՝ հեղափոխության արտահանումը՝ չնայած հեղափոխությունից հետ մերձավորարևելյան մի շարք երկրներում (Ալժիր, Սուդան) իսլամական հեղաշրջման փորձեր արվեցին:
Գնահատելով հեղափոխության հետևանքները՝ նշենք, որ իսլամական հեղափողությունը վիթխարի վնաս հասցրեց երկրի տնտեսությանը: Հեղափոխության արդյունքում Իրանը մեկուսացավ աշխարհից: Խզվեցին տնտեսական հարաբերությունները բազմաթիվ երկրների հետ (մասնավորապես արևմուտքի և Իսրայելի հետ): Իսկ տնտեսության վրա հեղափոխության դրական ազդեցությունը կարելի է համարել քաղաքական մեկուսացման արդյունքում ձեռք բերված տնտեսական ինքնաբավությունը:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հեղափոխությունը դրական անդրադարձավ միջազգային ասպարեզում և մասնավորապես տարածաշրջանում Իրանի քաղաքական կշռի մեծացման վրա: Իսլամական հեղափոխությունը նպաստեց, որ Իրանը չհայտնվի համաշխարհային գերտերություններից ոչ մեկի ազդեցության տակ և միանգամայն ինքնուրույն քաղաքական գիծ պահի մերձավորարևելյան տարածաշրջանում, ինչն արդյունքում ստիպեց տարածաշրջանային շատ հարցերում հաշվի նստել Իրանի դիրքորոշման հետ:
Իրանի իսլամական հեղփոխությունը տեղի է ունեցել 1979 թվականի փետրվարի 10-11-ին: Հեղափոխության սկիզբ ընդունված է համարել 1978 թվականի հունվարի 8-ը, երբ, ի պատասխան «Էթելլաաթ» թերթում Իմամ Խոմեյնիին վարկաբեկող հոդվածի, Իրանի կրոնական կենտրոն Ղոմ քաղաքում սովորող ուսանողությունը և դասախոսները դուրս եկան բողոքի ցույցի: Ողջ 1978 թվականի ընթացքում իսլամական հոգևորականությունը երկրի տարբեր քաղաքներում շարունակում է բողոքի ցույցերը, որոնք ճնշվում էին շահական զորքերի կողմից։ Արդեն 1979 թվականի հունվարից սկսած երկիրը կաթվածահար եղավ մշտական գործադուլներով և ցույցերով։ Այդ ամենի արդյունքում 1979 թվականի փետրվարի 1-ին Մուհհամադ Ռեզա Փահլավին իր ընտանիքի հետ լքեց Իրանը։ Իսկ Ֆրանսիա աքսորված Այաթոլլահ Խոմեյնին վերադարձավ Իրան։ Նրան դիմավորեցին միլիոնավոր իրանցիներ։
1979 թվականի ապրիլի 1-ին Իրանում անցկացվեց հանրաքվե, որով էլ Իրանը պաշտոնապես անվանվեց Իրանի Իսլամական Հանրապետություն։ 1979 թվականի դեկտեմբերի 3-ին Իրանում ընդհունվեց նոր սահմանադրություն։