Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ պաշտոնական Անկարայի համբերությունը սպառվում է, ինչի հետևանքով Սիրիայում թուրքական ցամաքային գործողությունն արդեն սարերի հետևում չէ: «Մենք համբերատար կգտնվենք մինչև որոշակի ժամանակահատված, այնուհետ մենք կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ», — Էրդողանի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը: Թուրքիայի նախագահի նման վրդովմունքի պատճառ է դարձել ռուսական օդուժի աջակցությամբ սիրիական կառավարական բանակի առաջխաղացումը դեպի թուրքական սահման և Հալեպ քաղաքի պաշարումը:
Նշենք, որ ավելի վաղ այս շաբաթ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավուօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է պաշտպանել Հալեպը՝ վերադարձնելով պատմական պարտքը: «Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը: Մի ժամանակ Հալեպի մեր եղբայրները պաշտպանում էին մեր քաղաքները, հիմա մենք կպաշտպանենք հերոսական Հալեպը», - հայտարարել է Դավութօղլուն:
Հալեպի ճակատագրով իր նման մտահոգվածությունն Անկարան բացատրում է թուրք-սիրիական սահմանին փախստականների կուտակումով: Նշենք, որ Հալեպի պաշարումից հետո իսկապես սահմանին փախստականների թիվը մի քանի անգամ ավելացել է, սակայն այժմ Թուրքիային ամենաքիչ մտահոգող հարցը երևի թե փախստականներն են:
Ե՛վ իսլամիստների, և՛ Թուրքիայի համար Հալեպը ռազմավարական մեծ նշանակություն ունի. այն հանդիսանում է զենքի և ջիհադիստների փոխադրման կարևոր կետ: Բացի այդ, Հալեպը կորցնելու դեպքում վտանգվում է նաև ԻՊ վերահսկողության տակ գտնվող տարածքներից Թուրքիա գազի մատակարարումը, ինչը հսկայական եկամուտներ է ապահովում երկու կողմի համար էլ: Այսպիսով, կարելի է ասել, որ Հալեպը «կյանքի ճանապարհ» է ինչպես Թուրքիայի համար, որն Ասադի հաշվին փորձում է տարածաշրջանային գերիշխանություն ստանալ, այնպես էլ ջիհադիստների համար, որոնք Հալեպը կորցնելով կզրկվեն թուրքական մատակարարումից, ինչը կհանգեցնի այս արյունալի պատերազմում նրանց պարտության:
Նման պայմաններում Սիրիայում օտարերկրյա ցամաքային գործողություն սկսելու հավանականությունը դառնում է միանգամայն իրական: Նշենք, որ այսօր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները որոշել են ուժեղացնել հետախուզությունը թուրք-սիրիական սահմանին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հաստատել են AWACS համակարգով ինքնաթիռների ուղարկումը Սիրիա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործում ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի հրամանատարության կարիքների համար։ Այսպիսով, ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի հրամանատարությամբ գործող արևմտյան կոալիցիային։