Լեոնարդո Դի Կապրիոն՝ Լենին, Ստալին, Պուտին ...

18:56     12 փետրվարի, 2016

Թվում է, թե հոլիվուդյան մեգաաստղ Լեոնարդո դի Կապրիոն ցանկանում է մեծ էկրանին հերթով մարմնավորել ռուս նշանավոր առաջնորդներին: Բոլորովին վերջերս ԶԼՄ-ները խոսում էին այն մասին, որ Դի Կապրիոն հավանաբար կխաղա ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի դերը, մինչդեռ վաղ 2010 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում Դի Կապրիոն հայտարարել էր, որ ցանկանում է ստանձնել Իոսիֆ Ստալինի դերը:

Իսկ ահա այսօր արդեն ԶԼՄ-ները փոխանցում են այն լուրը, որ Դի Կապրիոն կարող է մարմնավորել Վլադիմիր Լենինին Հոկտեմբերյան հեղափոխության 100-րդ տարելիցի նախագծի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը:

Ըստ «Լենֆիլմ» ընկերության  գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինի՝ 2017 թ.-ին Հոկտեմբերյան հեղափոխության 100-րդ տարելիցին ընդառաջ հերոսների կյանքի մասին մի ֆիլմ կնկարահանվի, որտեղ հատկապես կկարևորվեն այն ​​իրադարձությունները, որոնց մասին պատմությունը տարբեր պատճառներով լռում է: Ընկերության ղեկավարը նաև նշել է, որ անչափ ուրախ կլինի, եթե  հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլիչ Լենինի դերը հենց Լեոնարդո Դի Կապրիոն ստանձնի, ում ի դեպ բազմիցս նմանեցրել են Լենինին երիտասարդ տարիքում:


© armedia.am