Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սկսել է Լատինական Ամերիկայի երկրներ իր 7-օրյա այցը, որի շրջանակներում այսօր Կուբայի մայրաքաղաք Հավանայում կկայանա Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի և համայն ռուսիո պատրիարք, ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլի պատմական հանդիպումը: Նշենք, որ սա ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների առաջին հանդիպումն է 1054 թվականին քրիստոնեական եկեղեցու պառակտումից հետո:
Հանդիպումը պատմական է դառնում նաև նրա օրակարգով պայմանավորված: Իսլամիստների կողմից քրիստոնյաների հալածանքները, որոնք որոշ շրջանակներ բնութագրում են որպես ցեղասպանություն, ստիպել են երկու եկեղեցիների առաջնորդներին մի կողմ թողնել առկա բազմադարյա տարաձայնությունները համաքրիստոնեական խնդիրների քննարկման համար:
Սպասվում է, որ Հավանայի օդանավակայանում Հռոմի պապի և պատրիարք Կիրիլի անձնական զրույցը կտևի մոտ 2 ժամ: Հետո համատեղ հայտարարագիր կստորագրվի, որի տեքստն արդեն կողմերի միջև համաձայնեցված է: Ինչպես հայտնում են Վատիկանից, փաստաթուղթն ունենալու է քաղաքական, այլ ոչ թե աստվածաբանական բնույթ: Այս հանդիպումն ազդանշան է՝ ուղղված ոչ այնքան հավատացյալներին, որքան քաղաքական գործիչներին, կարծում են աստվածաբանները: «Դա կլինի ուղերձ միջազգային հանրությանը, բոլոր պետություններին և քաղաքական առաջնորդներին առ այն, որ պետք է պաշտպանել այն քրիստոնեական արժեքները, որոնք դեռևս մենք ունենք», - կարծում է աստվածաբան Ալեքսանդր Բարանովը:
Թե ինչքանով կօգնի հոգևոր երկու առաջնորդների այս հանդիպումը և դրան հաջորդող հայտարարագիրը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում քրիստոնյաների վիճակի բարելավմանը, դժվար է ասել, սակայն այդ հարցում վերլուծաբանները որոշակի դրական առաջխաղացման ակնկալիքներ ունեն, քանի որ և՜ Ֆրանցիսկոսը, և՜Կիրիլը մեծ ազդեցություն ունեն ինչպես քրիստոնեական աշխարհում, այնպես էլ դրանից դուրս: