Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարքի պատմական հանդիպումը
Կուբայում կայացել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատմական հանդիպումը։ Դա եղել է իր տեսակի մեջ առաջին հանդիպումն այն բանից հետո, երբ 11-րդ դարում պառակտում առաջացավ քրիստոնեության ճյուղերի միջև։
Հավանայի օդանավակայանում մոտ 2 ժամ տևած հանդիպման ավարտին նրանք համատեղ հռչակագիր են ստորագրել։ Հոգևոր առաջնորդները, մասնավորապես, կոչ են արել միջազգային հանրությանը կանխել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյաների նկատմամբ խտրական վերաբերմունքը, նրանց հետապնդումը, գրում է Tert.am-ը:
«Մեր եղբայրներն ու քույրերը բնաջնջվում են ընտանիքներով, գյուղերով ու քաղաքներով։ Նրանց վանքերը ենթարկվում են բարբարոսական ոչնչացման, նրանց սրբավայրերը պղծվում են, հուշարձանները՝ ոչնչացվում»,- ասվում է հռչակագրում։
Հռոմի պապն ու ռուս պատրիարքը միջազգային հանրությանը կոչ են արել նաև համախմբել ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում, թույլ չտալ նոր համաշխարհային պատերազմ։
Հոգևոր առաջնորդները պայմանավորվածության են հասել դեպի 2 Եկեղեցիների սրբավայրեր կաթոլիկների և ուղղափառների համատեղ ուխտագնացությունների հարցում, գրում է Газета-ն: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի եկեղեցական արտաքին կապերի բաժնի ղեկավարը:
«Հանդիպման ընթացքում մենք խոսել ենք քրիստոնյաների ապագայի մասին, այն մասին` ինչպես զարգացնենք մեր համագործակցությունը, խոսել ենք համատեղ նախագծերի մասին, ուխտագնացների փոխանակման մասին, ուղղափառների ուխտագնացության մասին դեպի այն սրբավայրերը, որոնք գտնվում են Կաթոլիկ եկեղեցում, սրբերի մասունքների մոտ, կաթոլիկների` ուղղափառների սրբավայրեր ուխտագնացության վերաբերյալ»,- նշել է նա: