Փետրվարի 14-ը` Սբ Վալենտին կամ ընտանիքի տոն

11:46     14 փետրվարի, 2016

    Հայ երիտասարդները մեծ ոգևորությամբ պատրաստվում են այսօր՝ փետրվարի 14-ին նշել Սբ. Վալենտինի տոնը, որն Արևմուտքում ընդունված է նշել որպես սիրահարների տոն: Չնայած նրան, որ Հայոց եկեղեցու օրհնությամբ ամեն տարի նշվում է Սբ Սարգսի կամ սիրահարների հովանավորի տոնը, երիտասարդները ոչ պակաս խանդավառությամբ են պատրաստվում Վալենտինի օրվան: Շատերի համար դա հիանալի հնարավորություն է սիրո, սրտիկների և ծաղիկների ընդհանուր մթնոլորտում խիզախություն հավաքելու և խոստովանելու սիրելիին իրենց զգացմունքները կամ ապացուցելու դրանք անմոռանալի և յուրօրինակ նվերով:

 Ի դեպ, Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ը հռչակվել է ընտանիքի տոն: Սուրբ Պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվելու է նորապսակների օրհնության կարգ:
     Վալենտինի օրվա առասպելի արմատները ձգվում են հեռավոր 3-րդ դարից:Ըստ առասպելի` Հին Հռոմում մի բժիշկ էր ապրում, որի դեղամիջոցները միշտ անուշահոտ ու քաղցր էին:

Նա նաև քրիստոնյա հոգևորական էր: Կլավդիոս Երկրորդի օրոք, երբ նա ապրում էր, շատ պատերազմներ էին մղվում: Թագավորը խնդիրներ ունեցավ զինվորների պակասի հետևանքով և որոշեց, որ դրա պատճառը զինվորների կապվածությունն էր իրենց կանանց և ընտանիքներին, նա արգելեց նշանադրություններն ու հարսանիքները:
  Սակայն Վալենտինը շարունակում էր թաքուն պսակել սիրեցյալներին: Մի անգամ բանտապանը խնդրեց Վալենտինին բուժել իր կույր դստերը: Չնայած բուժումը գրեթե անհնար էր` Վալենտինը խոստացավ անել հնարավոր ամեն բան նրա ապաքինման համար: Մի քանի շաբաթ անց Վալենտինին բանտարկեցին: Իմանալով, որ իրեն մահապատժի են ենթարկելու` Վալենտինը մի նամակ ուղարկեց աղջկան, որում գրված էր` «Քո Վալենտինից»:
Բժշկին մահապատժի ենթարկեցին 270թ. փետրվարի 14-ին:

    Աղջիկը, ստանալով նամակը, տեսավ դրա գույնզգույն փայլը և հրաշք տեղի ունեցավ. նրա տեսողությունը վերականգնվեց:
496թ.-ին Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հռչակեց Սբ Վալենտինի օր:
    Եվ կարևոր չէ, թե ինչպես է կոչվում տոնը, շնորհավորում ենք ձեզ: Սիրե՛ք և սեր սփռե՛ք աշխարհում: Չէ՞ որ սերը հրաշքներ է գործում: 


© armedia.am