Հայ երիտասարդները մեծ ոգևորությամբ պատրաստվում են այսօր՝ փետրվարի 14-ին նշել Սբ. Վալենտինի տոնը, որն Արևմուտքում ընդունված է նշել որպես սիրահարների տոն: Չնայած նրան, որ Հայոց եկեղեցու օրհնությամբ ամեն տարի նշվում է Սբ Սարգսի կամ սիրահարների հովանավորի տոնը, երիտասարդները ոչ պակաս խանդավառությամբ են պատրաստվում Վալենտինի օրվան: Շատերի համար դա հիանալի հնարավորություն է սիրո, սրտիկների և ծաղիկների ընդհանուր մթնոլորտում խիզախություն հավաքելու և խոստովանելու սիրելիին իրենց զգացմունքները կամ ապացուցելու դրանք անմոռանալի և յուրօրինակ նվերով:
Ի դեպ, Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ը հռչակվել է ընտանիքի տոն: Սուրբ Պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կատարվելու է նորապսակների օրհնության կարգ:
Վալենտինի օրվա առասպելի արմատները ձգվում են հեռավոր 3-րդ դարից:Ըստ առասպելի` Հին Հռոմում մի բժիշկ էր ապրում, որի դեղամիջոցները միշտ անուշահոտ ու քաղցր էին:
Նա նաև քրիստոնյա հոգևորական էր: Կլավդիոս Երկրորդի օրոք, երբ նա ապրում էր, շատ պատերազմներ էին մղվում: Թագավորը խնդիրներ ունեցավ զինվորների պակասի հետևանքով և որոշեց, որ դրա պատճառը զինվորների կապվածությունն էր իրենց կանանց և ընտանիքներին, նա արգելեց նշանադրություններն ու հարսանիքները:
Սակայն Վալենտինը շարունակում էր թաքուն պսակել սիրեցյալներին: Մի անգամ բանտապանը խնդրեց Վալենտինին բուժել իր կույր դստերը: Չնայած բուժումը գրեթե անհնար էր` Վալենտինը խոստացավ անել հնարավոր ամեն բան նրա ապաքինման համար: Մի քանի շաբաթ անց Վալենտինին բանտարկեցին: Իմանալով, որ իրեն մահապատժի են ենթարկելու` Վալենտինը մի նամակ ուղարկեց աղջկան, որում գրված էր` «Քո Վալենտինից»:Բժշկին մահապատժի ենթարկեցին 270թ. փետրվարի 14-ին:
Աղջիկը, ստանալով նամակը, տեսավ դրա գույնզգույն փայլը և հրաշք տեղի ունեցավ. նրա տեսողությունը վերականգնվեց:
496թ.-ին Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հռչակեց Սբ Վալենտինի օր:
Եվ կարևոր չէ, թե ինչպես է կոչվում տոնը, շնորհավորում ենք ձեզ: Սիրե՛ք և սեր սփռե՛ք աշխարհում: Չէ՞ որ սերը հրաշքներ է գործում: