Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար՝ Ադել ալ-Ջուբեյրը, հնարավոր է համարում Սիրիայի նախագահի վարչակարգի բռնի ուժով տապալումը:
CNN հեռուստաալիքի հետ զրուցում դիվանագետը հայտարարել է, որ Բաշար Ասադն, անկասկած, ցանկացած դեպքում կհեռանա իր պաշտոնից. կամ նա պետք է կամովին հրաժարական տա, կամ իր իշխանությունը բռնի ուժով կտապալվի:
«Մենք պնդում ենք, որ սիրիական հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, սակայն եթե իրավիճակը մտնի փակուղի, ապա միայն Ասադի վարչակարգի և իր դաշնակիցների մեղքով: Այդ դեպքում, բացի խնդրի ուժային կարգավորումից, այլ տարբերակներ չեն լինի», ասել է Ադել ալ-Ջուբեյրը:
Նրա խոսքերով, Էր-Ռիադը պատրաստ է ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա, սակայն միայն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում:
Նախօրեին Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում ԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու համար ժամանել են Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները: