Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը։
Կողմերը քննարկել են սիրիական կարգավորմանն առնչվող հարցեր։ Երկու կողմից դրական գնահատական է տրվել Մյունխենում փետրվարի 11-12-ին կայացած Սիրիայի աջակցման միջազգային խմբի հանդիպման արդյունքներին։
Ռուսաստանի նախագահը կրկին կարևորել է երկակի ստանդարտներից հրաժարվելով միասնական հակաահաբեկչական ճակատի ստեղծումը։ Հատուկ շեշտվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև աշխատանքային սերտ կապերի ստեղծումը, ինչը հնարավորություն կտար հաջող պայքար մղել ԻՊ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ։
Քննարկվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, առաջին հերթին, հակամարտության կարգավորման ուղղությամբ 2015 թվականի փետրվարի 12-ին Մինսկում համաձայնեցված միջոցառումների իրականացման համատեքստում։ Պուտինը հույս է հայտնել, որ Կիևի իշխանությունները, վերջապես, պրակտիկ քայլեր կձեռնարկեն իրենց պարտավորությունների կատարման ուղղությամբ։
Զրույցն անկեղծ և կառուցողական բնույթ է ունեցել։