Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացմանը զուգահեռ նկատվում է հակամարտության մեջ ներգրավված ուժերի վերադասավորում: Ռուսաստանի ռազմական ներկայությունը, տարածաշրջանային տարաձայնությունների սրումը, հակամարտող կողմերի վրա արվող նոր խաղադրույքները Սիրիան վերածել են պատերազմի իսկական թատերաբեմի, որտեղ խաչաձևվում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և մի շարք այլ առանցքային խաղացողների տարաբնույթ շահեր:
Սիրիայի հյուսիսային ռազմավարական կարևոր շրջաններում մի կողմից ռուսական և իրանական ուժերի աջակցությամբ գործող սիրիական բանակի, մյուս կողմից՝ քրդական զինված ուժերի առաջխաղացումը փաստի առաջ են կանգնեցրել Թուրքիային՝ հարվածի տակ դնելով նրա կողմից աջակցություն ստացող ահաբեկչական խմբերի հետագա ֆինանսավորման հարցը: Անկարայում աստիճանաբար ակտիվանում են ռազմական միջամտությունը խրախուսող տրամադրությունները՝ որպես սիրիական հակամարտությունում թուրքական լծակները փրկելու վերջին հնարավորություն: Ի վերջո, Թուրքիան պատրաստ չէ ընդունել իր սահմանների մոտ քրդական բուֆերային պետության ստեղծումը:
Ռազմական միջամտության թուրքական նկրտումներն այս փուլում համընկնում են սիրիական ճակատում Սաուդյան Արաբիայի ակտիվացման հետ: Էլ-Ռիյադն այժմ Անկարայի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես ռազմավարական անհրաժեշտություն՝ Ծոցի անվտանգությունը պաշտպանելու և տարածաշրջանում (առաջին հերթին՝ Սիրիայում, Եմենում, Իրաքում) իրանական ազդեցության տարածումը զսպելու համար:
Սակայն, հարկ է նշել, որ առկա են Թուրքիայի ռազմական միջամտությունը զսպող ծանրակշիռ հանգամանքներ.
1. Անկարան չի կարող ցամաքային գործողություն սկսել՝ առանց օդուժի աջակցության, որի հնարավորությունն այս պահին չունի,
2. Թուրքիայի դաշնակից Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն սիրիական ճգնաժամում իրենց ռազմական ներգրավվածությունն ավելացնելու ազդակներ դեռևս չեն հաղորդում,
3. Սիրիայում չկա գործող որևէ ուժ, որի վրա Թուրքիան կարող է հենվել նման գործողության դեպքում,
4. Սիրիա ցամաքային զորքեր մտցնելը նշանակում է ուղղակի առճակատում Ռուսաստանի հետ:
Չնայած նշված գործոններին, Թուրքիայի կողմից պատերազմ սկսելու վտանգն, այնուամնեայնիվ, պահպանվում է: Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դիրքերի ռմբակոծումը, թերևս, հենց դրա մասին է վկայում:
Այսպիսով, Սիրիայում իրանա-սաուդական, ռուս-թուրքական և նման բազմաթիվ շահերի բախումը, ինչպես նաև տեղում գործող բոլոր ուժերի նկատմամբ վերահսկողության բացակայությունը կասկածի տակ են դնում Սիրիայում զինադադար հաստատելու ուղղությամբ Մյունխենում ձեռքբերված համաձայնությունները: Առհասարակ, տպավորություն է ստեղծվում, թե այս ճգնաժամի վերջը դեռ տեսանելի չէ, և այն կարող է ներգրավել նորանոր ուժերի՝ վերածվելով առավել լայն պատերազմի:
Տեղում ուժերի վերադասավորումից բացի, հավանաբար, պետք է սպասել նաև գլոբալ մակարդակով գերտերությունների «ուժային վերադասավորման» ավարտին: