Էրդողանը կոչ է արել խորհրդարանին երկրի կառավարման կարգի փոփոխության մասին հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունել: ««Նոր Թուրքիա» կառուցելու շրջանակներում մենք կներկայացնենք նոր սահմանադրություն: Նախագահական համակարգը կիրականացվի այս ճանապարհով: Եթե այս ազգը չի ցանկանում նախագահական համակարգ, մենք ոչինչ չունենք ազգի դեմ», - Էրդողանի խոսքերը մեջ է բերում Hurriyet Daily News-ը:
Նշենք, որ էրդողանի այս հայտարարությանը նախորդել էր նոր սահմանադրության մշակման նպատակով ստեղծված խորհրդարանական միջկուսակցական կոմիտեի լուծարումը: Երկու շաբաթ առաջ իր գործունեությունը սկսած կոմիտեի երրորդ նիստի ժամանակ այն լքելու մասին հայտարարել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որի կարծիքով իշխող արդարություն և զարգացում կուսակցությունը փորձում է երկրի բոլոր խնդիրները կապել կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականի անցնելու հետ: Ընդդիմադիր քեմալական կուսակցությունը նշել էր, որ կքննարկի միայն խորհրդարանական համակարգին առնչվող հարցեր:
Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ԱԶԿ-ն կշարունակի սահմանադրական փոփոխությունների շուրջ աշխատանքներն անգամ եթե ԺՀԿ-ն չվերադառնա բանակցությունների սեղան: Միևնույն ժամանակ խորհրդարանի խոսնակ Քահրամանը կոչ է արել ընդդիմադիր մյուս կուսակցություններին վերսկսել բանակցությունները: Սակայն, ազգայնական շարժում կուսակցությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակի հանձնաժողովի աշխատանքներին առանց ԺՀԿ պատգամավորների:
Ընդդիմադիր 4 կուսակցություններ էլ նշում են, որ սահմանադրական փոփոխությունները պետք է վերաբերվեն ազգային փոքրամասնությունների իրավունքների և ժողովրդավարական ազատությունների ամրապնդմանը, մինչդեռ ԱԶԿ-ն այդ փոփոխություններով փորձում է ամրապնդել Էրդողանի միանձնյա իշխանությունը:
Նշենք, որ խորհրդարանի միջոցով սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար ԱԶԿ-ին հարկավոր է ստանալ 367 ձայն, մինչդեռ սահմանադրական փոփոխությունները համազգային հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ընդամեն 330 ձայն: 2015 թվականի նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արդարություն և զարգացում կուսակցությունն 550 տեղանոց խորհրդարանում ստացել է 317 մանդատ: Փաստորեն, ընդդիմության միավորվելու դեպքում Էրդողանը կարող է անգամ իր իշխանության ամրապնդման նպատակով հանրաքվե անցկացնելու հնարավորություն չստանա:
Եթե Էրդողանին, այնուամենայնիվ, հաջողվի սահմանադրական փոփոխությունների հարցը դնել հանրաքվեի, վերլուծաբանների կարիծքով, ամենայն հավանականությամբ Թուրքիայում կհաստատվի կառավարման նախագահական համակարգը:
Հատկանշական է, որ վերջին ամիսներին, Թուրքիայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով պայմանավորված, կառավարման նախագահական համակարգի կողմնակիցների թիվը գնալով ավելանում է: Այս ամիս Թուրքիայի 30 նահանգներում իրականացված սոցհարցման արդյունքներով՝ քաղաքացիների 56.1 տոկոսն աջակցում է Էրդողանի այս նախաձեռնությունը: