ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Ուկրաինայում բռնությունների աճը

21:19     19 փետրվարի, 2016

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դատապարտել է աճող բռնություններն Արևելյան Ուկրաինայում և կոչ է արել հակամարտության կողմերին իրականացնել Մինսկի համաձայնագիրը: Այս մասին նշված է Բայդենի և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

«Փոխնախագահը դատապարտել է աճող բռնությունն Ուկրաինայում, որը հանգեցրել է հումանիտար իրավիճակի վատթարացման, ինչպես նաև ռուս անջատողական  համակցված  ուժերի շարունակական ձախողումը՝ ԵԱՀԿ-ին լիարժեք մուտք ապահովելու դեպի իրենց դե ֆակտո վերահսկողության տակ գտնվող տարածքները», - նշված է հաղորդագրության մեջ, ինչպես փոխանցում է Sputnik News-ը:

Բայդենը նաև նշել է, որ Մինսկի համաձայնագրի իրականացումը բոլոր կողմերի համար էլ շարունակում է մնալ լավագույն ուղին հակամարտության կարգավորման գործում:

Բանն այն է, որ վերջին շրջանում, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հակամարտության նոր սրացումներ են նկատվում Դոնբասի շրջանում և չնայած հարաբերական խաղաղությանը, որն այժմ հաստատվել է կողմերի միջև, միևնույն է իրավիճակը շարունակում է լարված մնալ:

եվրոպացի գործընկերներն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա ճնշում են գործադրում՝ Մինսկի համաձայնագիրն իրագործելու և վերջնական խաղաղություն հաստատելու հորդորներով: Սակայն, Գերագույն Ռադայի նման «ըմբոստ» խորհրդարանում խնդիրը լուծելու համար Պորոշենկոն, ամենայն հավանականությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կհրավիրի այս տարի:

Ուկրաինացիներն, ովքեր հոգնել են պատերազմից ու փլուզվող տնտեսությունից, ավելի ու ավելի են երես թեքում «Մայդանի» քաղաքական գործիչներից:

Ապագա ընտրությունները, ըստ երևույթին, օրենսդիր մարմնին առավել պատասխանատու կդարձնեն խաղաղության հաստատման գործում: Ըստ Պորոշենկոյի հաշվարկների՝ նա կկարողանա «հետ վերադարձնել» Դոնբասն Ուկրաինային իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում:


© armedia.am