Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում Սաուդյան Արաբիայի հետ համատեղ ցամաքային գործողություն իրականացնելու հարցը դեռևս Անկարայի օրակարգում ներառված չէ: Չավուշօղլուն ընդգծել է, որ ցամաքային գործողությունը իրականացնելու դեպքում նրանում պետք է մասնակցեն «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի անդամ բոլոր երկրները: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը խոստովանել էր, որ կոալիցիայի անդամ երկրների կողմից այդ հարցը լրջորեն չի քննարկվել, ավելին՝ Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու հնարավոր հեռանկարը բավականին շատ հակառակորդներ ունի:
Հիշեցնենք, որ Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին հայտարարել էին Պարսից ծոցի արաբական միապետությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ որպես նախապայման նշելով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությունը: Փետրվարի 13-ին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայում հնարավոր ցամաքային գործողությունների նախաշեմին Սաուդյան Արաբիան Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա է ուղարկել կործանիչներ և ցամաքային զորքեր: Իսկ նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան իրավունք ունի իր համար վտանգ ներկայացող ահաբեկիչների դեմ գործողություն իրականացնել արտերկրում՝ այդ թվում նաև Սիրիայում:
Նշենք, որ Անկարան և էր-Ռիյադը սկսեցին Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնելու մասին խոսել ռուսական օդուժի աջակցությամբ Ասադի բանակի կողմից երկրի հյուսիսային շրջաններում գրանցած հաջողությունների և ռազմավարական նշանակություն ունեցող Հալեպ քաղաքի պաշարման ֆոնին:
Թուրք-սիրիական սահմանի վրա Ասադի ուժերի կողմից վերահսկողության հաստատումը լուրջ հարված կլինի իսլամիստների դիրքերին: Սակայն Անկարային այս իրավիճակում ավելի շատ անհանգստացնում է այն, որ Ասադի զորքերը վերահսկողություն հաստատեն սահմանի նկատմամբ, այդ շրջաններում կամրապնդվի սիրիացի քրդերի դիրքերը, ինչն Անկարան իր համար ավելի վտանգավոր է դիտարկում, քան «Իսլամական պետության» հարևանությունը: Իսլամիստների դեմ այս տարիներին ամենաարդյունավետ պայքարող քրդական ուժերին Անկարան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված տեղի քրդերի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ և պահանջում է դաշնակիցներից՝ մասնավորապես ԱՄՆ-ից դադարեցնել վերջիններիս աջակցությունը: Իսկ մինչ այդ Անկարան արդեն սկսել է հրետանակոծել Սիրիայի քրդերի դիրքերը:
Հետաքրքիր է, որ Սիրիայում ցամաքային գործողության Անկարայի օրակարգում չլինելու մասին Չավուշօղլուի հայտարարությանը նախորդել էր Հալեպի շրջանում սիրիական բանակի մատակարարումները ապահովող միակ մայրուղու գրավումը ԻՊ կողմից: Սա, ամենայն հավանականությամբ, որոշակիորեն հուսադրում է Անկարային, որ թուրք-սիրիական սահմանին իսլամիստները դեռ կպահպանեն իրենց դիրքերը: