ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը` փրայմերիզը: Երեք նահանգներում (Այովա, Նյու Հեմփշիր, Հարավային Կարոլինա) տեղի ունեցած հանրապետական թեկանծուների ընտրությունների առաջին փուլի արդյունքում միլիարդատեր Դոնալդ Թրամփին արդեն հաջողվել է հաղթել երկու նահանգում` ձեռք բերելով 67 պատվիրակի ձայն (ընտրությունների առաջին փուլը հաղթելու և երկրորդ փուլում որպես հանրապետական թեկնածու առաջադրվելու համար նրան անհրաժեշտ է ստանալ 1237 պատվիրակի ձայն):
Չնայած նրան, որ նախորդ շաբաթ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման ուղղակիորեն հայտարարեց, որ հավատում է ԱՄՆ քաղաքացիների ողջամտությանը և կարծում է, որ Թրամփը չի դառնա ԱՄՆ նախագահ, մինչ այսօր արված հարցումների արդյունքների համաձայն՝ Թրամփը շարունակում է մնալ ընտրությունների համար պայքարող հանրապետական թեկնածուների շարքում հիմնական ֆավորիտը:
Ի՞նչ է խոսում Թրամփի ֆոնոմենը ԱՄՆ ներաքաղաքական տրամադրությունների մասին և ինչի՞ հաշվին է հաջողվում քաղաքականության հետ որևէ ուղղակի առնչություն չունեցող գործարարին, ինչպես նաև «շոումենին» նվաճել ԱՄՆ բնակիչների համակրանքը:
Թրամփի նման հաջողությունը բացատրելու համար հարկ է անդրադառնալ ԱՄՆ-ում ներկայումս իշխող ներքաղաքական տրամադրություններին, մասնավորապես ԱՄՆ բնակչության հիմնական մտայնություններին, ներկայիս իշխանության դեմ տածած բացասական հույզերին: Դրանց շարքում անհրաժեշտ է առանձնացնել երեք հիմնական գործոն, որոնք մինչ օրս Դոնալդ Թրամփին հաջողվել է օգտագործել ի շահ իրեն :
Առաջին. ԱՄՆ-ում շարունակվում են աճել հակամիգրացիոն տրամադրությունները: ԱՄՆ բնակիչները շարունակ բողոքում են իշխող համակարգի կողմից ապօրինի միգրանտներին տրվող առավելություններից: Ինչպես նրանք են փաստում, «միգրանտները ստանում են ամեն ինչ, իսկ իրենք` ոչինչ»: Այս առումով պատահական չէ, որ Թրամփի ընտրական քարոզարշավի հիմնական թեզերի շարքում է ապօրինի միգրանտների դեմ պայքարը:
Երկրոդ. Թրամփին աջակցողների շարքում են այսպես կոչված «լուռ մեծամասնությունը» (silent majority), ովքեր բողոքում են «հակառակ խտրականությունից» (reverse discrimination): Նրանք ներկայացնում են ԱՄՆ սպիտակամորթ բնակիչներին, ովքեր հակված են մտածել, որ «սևամորթների պատճառով սեփական երկրում իրենց դեմ խտրականություն է կիրառվում»:
Երրորդ. Թրամփին աջակոցողների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահն ունակ չէ իր երկիրը պաշտպանել արտաքին վտանգներից, մասնավորապես՝ ահաբեկիչների հնարավոր հարձակումներից: Այս առումով հատկանշական է, որ իր քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը որպես գործիք օգտագործում է կրոնական խտրականությունը: Վերջինս բազմիցս հանդես է եկել այնպիսի առաջարկներով, ինչպես օրինակ՝ երկրում մեծացնել գործող մզիկիթների վրա հսկողությունը, ստեղծել մուսուլման ամերիկացիների տվյալների բազա` նրանց հսկողության տակ պահելու համար, ինչպես նաև սահմանել ժամանակավոր արգելք՝ երկիր մահմեդականների մուտքը թույլ չտալու համար:
Ուստի, եթե փորձենք ամփոփել, ապա պետք է փաստենք, որ Թրամփի հաջողության հիմնական գրավականն այսպես կոչված մերժողական էլեկտորատն է (negative vote): Նրան մինչև օրս հաջողվել է հօգուտ իրեն օգտագործել հանրային շրջանակներում առկա բացասական տրամադրությունները: Սակայն, նրա կողմից առաջարկվող լուծումները հիմնականում հինված են ոչ կառուցողական գործիքակազմի վրա, ինչն իր մեջ արտահայտում է նաև կրոնական, ռասայական այլ խմբերի դեմ ուղղված խտրականության դրսևորումներ: Սա փաստ է, որն ինքնին արդեն մտածելու տեղիք է տալիս...