Թուրքիայում 2015-ին կտրուկ վատացել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, և դրա ամենավառ դրսևորումը դարձել է կարծիք հայտնելու ազատության խիստ սահմանափակումը։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության` աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում։
«Հունիսյան խորհրդարանական ընտրություններից և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ու թուրքական բանակի միջև առճակատման սրումից հետո մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը զգալի վատացել է»,- ասվում է 408 էջանոց փաստաթղթում:
Ընդ որում՝ նշվում է, որ շարքային քաղաքացիներին հաճախ դատի են տվել սոցիալական մեդիայում հրապարակումների համար, իսկ լրատվամիջոցների վրա հսկայական ճնշում է գործադրվել կառավարության կողմից։
Ինչպես նշում են իրավապաշտպանները, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և այլ մարդկանց դեմ, ովքեր քննադատել են պետական պաշտոնատար անձանց կամ Թուրքիայի կառավարության քաղաքականությունը, հարուցվել են բազմաթիվ անարդարացի քրեական գործեր, այդ թվում` զրպարտության և ահաբեկչության դեմ պայքարի մասին հոդվածներով։