ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան քննարկել են սիրիական հակամարտությունն ու միգրացիոն ճգնաժամը

17:44     24 փետրվարի, 2016

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը,  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը տեսաժողովի շրջանակում քննարկել են սիրիական հակամարտությանը և Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին առնչվող խնդիրները:

Կողմերը «ողջունել են Սիրիայում հրադադարի հաստատման տեսլականը և կոչ են արել բոլոր կողմերին ամբողջությամբ կատարել տվյալ համաձայնագրի պահանջները»: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը:

Նշվում է նաև, որ զրույցի մասնակիցները հաստատել են   Սիրիայում խաղաղ իշխանափոխության կարևորությունը, որը Սիրիայի ժողովրդին կտա հարատև խաղաղություն և օրինական կառավարություն հաստատելու հնարավորություն»:

Օբաման «գործընկերների հետ քննարկել է նաև Սիրիայում մարդասիրական ճգնաժամին ուղղված քայլերն, ինչպես նաև կարևորել է ՆԱՏՕ-ի առաքելությունը և Հունաստանի ու Թուրքիայի միջև  համակարգված աշխատանքների իրականացումը միգրանտների հոսքը դեպի Եվրոպա վերահսկելու նպատակով»:


© armedia.am