Շոկոլադե բատոններ արտադրող ամերիկյան աշխարհահռչակ «Mars» ընկերությունը իր արտադրանքը Հայաստանից հետ չի կանչի: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում հայտնել են Սննդի անվտանգության պետական ծառայությունից: «Հայաստանն այս ընկերության արտադրանքը ներկրում է բացառապես Ռուսաստանից, իսկ Ռուսաստանի համապատասխան մարմինները հայտարարել են, որ պլաստիկ պարունակող շոկոլադե բատոններ իրենց մոտ չեն ներմուծվել», - նշեցին Սննդի անվտանգության պետական ծառայությունում՝ հավելելով, որ միջադեպից հետո Հայաստանի սահմանին ուժեղացվել է ընկերություն արտադրանքի ստուգումը. մասնավորապես ստուգվում է ներմուծման երկիրը:
Հիշեցնենք, այն բանից հետո, երբ Գերմանիայում «Snickers»-ի մեջ կարմիր պլաստիկի հետքեր էին հայտնաբերվել, «Mars» ընկերությունը որոշել է իր արտադրանքը hետ կանչել 55 երկրներից: Նշվում է, որ պլաստիկով բատոնը արդատրված է եղել Հոլանդիայի գործարանում: Նախնական տվյալներով՝ բատոնում հայտնվել է արտադրական ինչ-որ դետալ: «Ներկայումս մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել, սակայն մենք չենք կարող վստահ լինել, որ պլաստիկի կտոր չկա մյուսներում», - France Press գործակալությանը հայտնել են ընկերության հոլանդական մասնաճյուղում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հետ կանչումը կվերաբերի «Mars», «Snickers», «Milky Way Minis» և «Milky Way Miniatures» բատոններին և «Celebrations» կոնֆետների հավաքածուին, քանի որ նրանց վրա պիտանելիության ժամկետ է նշված 2016 թվականի հունիսի 19-ից 2017 թվականի հունվարի 8-ը:
Ընկերություն չեն հայտնում հետ կանչվող արտադրանքի ծավալը, ինչպես նաև թե ինչքան կարժենա ընկերության համար այս միջադեպը: Նշենք, որ Հոլանդիայի գործարանը արտադրանք է մատակարարում ամբողջ աշխարհով: BBC-ի հաղորդմամբ` ընկերությունը տեղեկացրել է 7 եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Բելգիայի շուկաներից բոլոր ապրանքները hետ կանչելու մասին:
Ավելացնենք, որ սա առաջին նման դեպքն է 1963 թվականից շուկայում գործող ընկերության պատմության մեջ: 2015 թվականի դեկտեմբերին «Mars»-ն արդեն հետ էր կանչել Սուրբ Ծննդի համար թողարկված կոնֆետների խմբաքանակն ամերիկյան խանութներից, քանի որ կոնֆետների փաթեթավորման վրա նշված չի եղել, որ նրանք գետնանուշ են պարունակում: