Կինեմատոգրաֆիայի ոլորտում եվրասիական մրցանակի շնորհանդեսը, որը կարող էր դառնալ ամերիկյան «Օսկարի» նմանակը, ենթադրաբար, ամռանը տեղի կունենա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահի տեղակալ Օլեգ Իվանովին:
«Շնորհանդեսն ամռանը կլինի, ես կարծում եմ՝ այն կհամակցվի Մոսկվայի միջազգային կինոփառատոնի անցկացման հետ, դա կլինի ոչ թե հենց կինոմրցանակը, այլ դրա ներկայացումը»,- հայտարարել է Իվանովը:
Նրա խոսքով՝ մրցանակաբաշխությունը ծրագրվում է անցկացնել արդեն հաջորդ տարի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկել է եվրասիական մրցանակ ստեղծել կինոյի ոլորտում, որը կարող էր դառնալ «Օսկարի» նմանակը: Ռեժիսորի խոսքով՝ ինքն արդեն այդ հարցը քննարկել է Չինաստանում և Հնդկաստանում, որտեղ նախաձեռնությունը մեծ էնտուզիազմով են ընդունել: