«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենն ամերիկացիներին կոչ է արել օգնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ և փրկելու մարդկությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության հրապարակած փաստաթղթերին:
«Ամերիկացի ժողովրդին» հասցեագրված նամակը գտնվել է Պակիստանի Աբոթաբադ քաղաքում բեն Լադենի ոչնչացման ժամանակ ԱՄՆ հատուկջոկատայինների կողմից առգրաված փաստաթղթերում: Ուղերձը ստորագրված չի եղել, սակայն անուղղակի նշանները ցույց են տալիս, որ «Ալ-Քաիդա»-ի առաջնորդը այն գրել է 2009-ին՝ Օբամայի պաշտոնավարման առաջին ժամկետի սկսվելուց հետո:
Իր նամակում 2008-ի ֆինանսական ճգնաժամի և Իրաքում ու Աֆղանստանում պատերազմի համար բեն Լադենը մեղադրել է ֆինանսական լոբբիստներին: Նա ամերիկացիներին կոչ է արել «հանուն ազատության մեծ հեղափոխություն» սկսել՝ Օբամային լոբբիի ազդեցությունից ազատագրելու համար: Ինչպես պնդել է թիվ մեկ ահաբեկիչը՝ նման քայլն ԱՄՆ նախագահին թույլ կտար «մարդկության գոյությանը սպառնացող վնասակար գազերի դեմ պայքարելու համար ռացիոնալ որոշումներ ընդունել»: