Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջնային նշանակություն ունի Եվրամիության համար: Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով, ստատուս-քվոն չի կարող պահպանվել, ինչպես նաև չի կարող ռազմական լուծում լինել: ԵՄ ներկայացուցիչն ընդգծեց խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքին համապատասխան և Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Միաժամանակ, Ֆեդերիկա Մոգերինին նշեց բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:
«Հարկավոր է նվազեցնել ինտենսիվ լարվածությունը, միաժամանակ խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից և բռնության աճից, որոնք վնասում են խաղաղ գործընթացին»,- հայտարարեց Ֆեդերիկա Մոգերինին:
Նա նշեց, որ ԵՄ-ն սատարում է հետաքննությունների մեխանիզմի ստեղծման նախաձեռնությունը: Հանձնակատարի խոսքով` ԵՄ-ն նաև պատրաստ է աջակցել մարդկանց միջև անձնական կապերի հաստատմանը: